ԱՊՀ երկրների արտգործնախարարները մտահոգություն են հայտնել պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման կապակցությամբ և խստորեն դատապարտել ծայրահեղականության, ահաբեկչության, պատանդառության և Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների ժամանակ ուժի անխտիր կիրառման բոլոր դրսեւորումները։ Այս մասին ասված է ԱՊՀ երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ։

«Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարները մտահոգություն են հայտնում Պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ վատթարացման և ռազմական գործողությունների լայնածավալ էսկալացիայի կապակցությամբ, որը հանգեցրել է երկու կողմերի խաղաղ բնակիչների բազմաթիվ զոհերի։

ԱՊՀ երկրների արտգործնախարարությունների ղեկավարները խստորեն դատապարտում են ծայրահեղականության, ահաբեկչության, պատանդառության և քաղաքացիական անձանց նկատմամբ բռնի այլ գործողություններ, ինչպես նաև ռազմական գործողությունների ժամանակ ուժի անխտիր կիրառումը։

Համագործակցության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները մտահոգություն են հայտնել Գազայի հատվածում սպասվող հումանիտար աղետի կապակցությամբ։

Նախարարներն ընդգծում են միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան գործելու անհրաժեշտությունը և ապահովումը, որ բոլոր կարիքավորներին տրամադրվի անհրաժեշտ օգնություն՝ ներառյալ սննդի, վառելիքի և բժշկական օգնության մատակարարումը:

Արտգործնախարարները կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, ապահովել կայուն զինադադար և բացել մարդասիրական միջանցքները խաղաղ բնակչության դուրս գալու համար, ասվում է տեքստում։ «Նրանք ընդգծում են միջազգային և տարածաշրջանային դիվանագիտական ​​ջանքերի ավելացման կարևորությունը՝ ուղղված Մերձավոր Արևելքում համապարփակ, արդար և կայուն խաղաղության հասնելուն՝ հայտնի միջազգային իրավական հիմքի վրա, ներառյալ ՄԱԿ-ի համապատասխան որոշումները և Արաբական խաղաղության նախաձեռնությունը», - ասվում է հայտարարության մեջ: