Ֆրանսիայի Արաս քաղաքի դպրոցի վրա հարձակման գործով ութ մարդ է ձերբակալվել, հայտնում է BFMTV-ն։
Նրանցից մի քանիսին, այդ թվում հարձակվողին, Արասից տեղափոխում են Լեվալուա-Պերե։
Նշվում է, որ ձերբակալվածների մեջ են հարձակվողի երկու եղբայրներն ու երկու քույրերը։
Այս ընտանիքը հայտնի է հետախուզական ծառայություններին ու արդարադատության համակարգին, հայտնում է ֆրանսիական հեռուստաալիքը։
Ավելի վաղ Ֆրանսիայում դպրոցում հարձակման հետևանքով ուսուցիչ էր զոհվել, մի քանի մարդ վիրավորվել էր։ Միջադեպը տեղի է ունեցել Ֆրանսիայի հյուսիսային Արաս քաղաքում։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հաստատել է, որ ոստիկանական գործողությունը շարունակվում է, իսկ հարձակվողը ձերբակալվել է։
Ըստ մի քանի լրատվամիջոցների, հարձակումը տեղի է ունեցել Գամբետայի ավագ դպրոցում առավոտյան ժամը 11-ին: Հաղորդվում է, որ հարձակվողը ծագումով չեչեն է և գտնվում է ֆրանսիական ոստիկանության արմատականների գրանցամատյանում։ Հարձակման ժամանակ նա բղավել է «Ալլահ աքբար»։
Այս հարձակումը տեղի է ունեցել Փարիզի արվարձանում գտնվող դպրոցի վրա հերթական հարձակումից երեք տարի անց, որտեղ չեչեն ծայրահեղականի կողմից գլխատվել էր ուսուցիչը:





























