Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրամայել է զորակոչել 7 000 զինվորի՝ անվտանգության ուժեղացման համար, շաբաթ օրը տեղեկացրել է նրա գրասենյակը։ Դրանից մեկ օր առաջ դպրոցում իսլամիստների հարձակման հետեւանքով ուսուցիչ էր սպանվել, տեղեկացրել է Reuters-ը։

Ֆրանսիան ուրբաթ օրը բերվել է բարձր պատրաստվածության վիճակի՝ այն բանից հետո, երբ 20-ամյա տղամարդը մահացու վիրավորել էր ուսուցչին եւ ծանր վիրավորել եւս երկու հոգու Ֆրանսիայի հյուսիսային Արաս քաղաքի դպրոցի դեմ հարձակման ժամանակ։

Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայությունում հայտնել են, որ զինվորները կզորակոչվեն մինչեւ երկուշաբթի երեկո, շարունակվող գործողության շրջանակում, որը մշտապես պարեկում է քաղաքների խոշոր կենտրոնները եւ զբոսաշրջային օբյեկտները։

Անվտանգային միջոցների ուժեղացումը կապված է նաեւ այն բանի հետ, որ Ֆրանսիան պատրաստվում է ընդունել ռեգբիի աշխարհի առաջնությունը եւ հանդիպել Հարավային Աֆրիկայի թիմի հետ շաբաթ երեկոյան, քառորդ եզրափակչում։

Վերջին տարիներին Ֆրանսիան ենթարկվել է իսլամիստների մի շարք հարձակումների, որոնցից ամենաահավորը գրոհայինների եւ մահապարտ ահաբեկիչների միաժամանակյա հարձակումն էր  Փարիզի զվարճավայրերի եւ սրճարանների վրա 2015թ. նոյեմբերին։

Ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենն ուբաթ հայտարարել է, որ Արասի ահաբեկչությունը կապված է Մերձավոր Արեւելքի իրադարձությունների հետ, որտեղ Իսրայելը ռազմական հարձակում է իրականացնում ՀԱՄԱՍ-ի գրոհայիններին ոչնչացնելու համար՝ անցած շաբաթ օրը վերջինի կատարած մահացու ներխուժումից հետո։