Շաբաթ օրը Նոր Զելանդիայում ավարտվել են համընդհանուր ընտրությունները, սկսվել է ընտրաթերթիկների հաշվարկը։ Նախնական արդյունքները ցույց են տվել, որ մարդիկ կողմ են պահպանողական փոփոխություններին լիբերալ կառավարության վեցամյա կառավարումից հետո, որի մեծ մասը գլխավորում էր Ջասինդա Արդերնը, տեղեկացրել է АР-ն։

Ձայների ավելի քան մեկ երրորդի հաշվարկից հետո նախկին գործարար Քրիստոֆեր Լյուքսոնը պատրաստ է դառնալ երկրի հաջորդ վարչապետը։

Արդերնը անսպասելիորեն հեռացավ վարչապետի պաշտոնից հունվարին՝ հայտարարելով, որ այլեւս «բավարար ուժեր չունի», որպեսզի կատարի աշխատանքը պատշաճ ձեւով։ Նա վստահ հաղթանակ էր տարել վերջին ընտրությունների ժամանակ, բայց նրա հեղինակությունը տուժեց, քանի որ մարդիկ հոգնել էին COVID-19-ի սահմանափակումներից, իսկ գնաճը սպառնում էր տնտեսությանը։

Նրա հեռանալուց հետո 45-ամյա Քրիս Հիփկինսը զբաղեցրեց առաջնորդի պաշտոնը։ Նա մինչ այդ  զբաղեցնում էր կրթության նախարարի պաշտոնը եւ ղեկավարում էր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի միջոցները։

Ձայների նախնական հաշվարկը ցույց է տվել, որ Լյուքսոնի Ազգային կուսակցությունը հավաքել է ձայների ավելի քան 40 տոկոսը։ Նոր Զելանդիայում քվեարկության համամասնական համակարգի համաձայն՝ 53-ամյա Լյուքսոնը, ինչպես եւ սպասվում էր, կձեւավորի դաշինք ACT կուսակցության հետ։

Լեյբորիստական կուսակցությունը, որը գլխավորում է Հիփկինսը, հավաքել է ընդամենը 25 տոկոս ձայն՝ մոտ երկու անգամ ավելի քիչ, քան վերջին ընտրությունների ժամանակ Արդերնի օրոք։

Լյուքսոնը խոստացել է իջեցնել հարկերը եկամտի միջին մակարդակ ունեցող մարդկանց համար եւ պայքարել հանցավորության դեմ։ Հիփկինսը խոստացել է անվճար ատամնաբուժական օգնություն 30-ից երիտասարդ մարդկանց համար եւ մրգերի եւ բանջարեղենների վաճառքի հարկերի չեղարկում։