Միավորված Ազգերի Կազմակերպությունն իրավիճակը Գազայի հատվածում նկարագրում է որպես «կյանքի եւ մահվան խնիդր»՝ նախազգուշացնելով, որ մաքուր ջրի պաշարները 2 մլն մարդու համար այնտեղ վտանգավոր ցածր մակարդակի են, տեղեկացրել է CNN-ը։

ՄԱԿ-ը նաեւ նախազգուշացրել է ջրի միջոցով փոխանցվող հիվանդությունների աճող վտանգի մասին։

«Սա դարձել է կյանքի եւ մահվան խնդիր։ Անհրաժեշտ է, որպեսզի վառելիքը Գազա հասցվի հիմա, որպեսզի ջրով ապահովվի 2 մլն մարդ»,- շաբաթ օրը տեղեկացրել է ՄԱԿ պաղեստինցի փախստականների օգնության եւ աշխատանքների կազմակերպման Մերձավորարեւելյան գործակալության գերագույն հանձնակատար Ֆիլիպ Լազարինին։

Լազարինին ընդգծել է շրջափակման կործանարար հետեւանքները Գազայի համար, որն արդեն մեկ շաբաթ նոր հումանիտար օգնություն չի ստանում։

«Գազայի հատվածում վերջանում է մաքուր ջուրը, քանի որ ջրատար կայանը եւ հանրային ջրատարների ցանցերը դադարել են աշխատել։ Ներկայում մարդիկ ստիպված են օգտվել ջրհորների կեղտոտ ջրից, ինչը մեծացնում է ջրի միջոցով փոխանցվող հիվանդությունների վտանգը։ Հոկտեմբերի 11-ից Գազայում անջատվել է էլեկտրականությունը, ինչն անդրադարձել է ջրամատակարարման վրա»,- նշվել է Լազարինիի հայտարարությունում։

ՄԱԿ պաղեստինցի փախստականների օգնության եւ աշխատանքների կազմակերպման Մերձավորարեւելյան գործակալությունը ստիպված է եղել իր կենտրոնական գործողությունները դուրս բերել Գազա քաղաքից դեպի Գազայի հարավ՝ տարհանման մասին Իսրայելի հրամանից հետո։ Գործակալությունը նախազգուշացրել է, որ նոր վայրում եւս ջուրն սպառվում է, քանի որ հազարավոր տեղահանվածներին ավելանում են նորերը։

«Միայն վերջին 12 ժամում հարյուր հազարավոր մարդիկ են տեղահանվել։ Մարդիկ տեղափոխվում են Գազայի հատվածի հարավային շրջաններ։ Միայն մեկ շաբաթում տեղահանվել է մոտ 1 մլն մարդ»,- նշվել է հայտարարությունում։

«Մենք պետք է անհապաղ վառելիք հասցնենք Գազա։ Վառելիքը միակ միջոցն է, որպեսզի մարդիկ ապահովվեն անվտանգ խմելու ջրով։ Եթե դա չարվի, մարդիկ, այդ թվում երեխաները, տարեց մարդիկ եւ կանայք, կսկսեն մահանալ ջրազրկումից։ Ջուրն այժմ  միակ փրկօղակն է,- ավելացրել է Լազարինին։- Ես կոչ եմ անում անհապաղ հանել շրջափակումը եւ հումանիտար օգնություն հասցնել»։