Հազարավոր պաղեստինամետ ցուցարարներ շաբաթ օրը երթով անցել են Լոնդոնի կենտրոնով՝ կոչ անելով դադարեցնել Իսրայելի ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ պայմանավորված անցած հանգստյան օրերին Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ խմբավորման հարձակմամբ, տեղեկացրել է Reuters-ը։

Ցուցարարները, որոնցից շատերը Պաղեստինի դրոշներն էին թափահարում եւ տանում էին պաստառներ «Ազատ Պաղեստին» մակագրությամբ, հավաքվել են Օքսֆորդ-սերքուսից ոչ հեռու, որտեղից ուղեւորվել են Դաունինգ-սթրիթ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի գրասենյակ եւ նստավայր։

Վանկարկումներն ուղղված էին Մեծ Բրիտանիայի եւ Միացյալ Նահանգների կառավարությունների դեմ՝ Իսրայելին աջակցելու համար։

Ոստիկանությունը «Հանուն Պաղեստինի» երթից առաջ նախազգուշացրել էր, որ «ՀԱՄԱՍ-ին կամ այլ խմբավորմանն (որոնք Մեծ Բրիտանիայում ահաբեկչական են հայտարարված) աջակցություն ցուցաբերող դրոշ կրող յուրաքանչյուր մարդ կձերբակալվի»։