ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հերթական հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ն աշխատում է ՄԱԿ-ի, Եգիպտոսի, Հորդանանի և այլոց հետ՝ համոզվելու համար, որ խաղաղ բնակիչները «ջրի, սննդի և բժշկական օգնության հասանելիություն ունենան»։
Բայդենը վերահաստատել է անհրաժեշտությունը, որ «բոլոր երկրները միանշանակ դատապարտեն ՀԱՄԱՍ-ը որպես ահաբեկչական կազմակերպություն, որը չի արտացոլում Պաղեստինի ժողովրդի ձգտումները», ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։
Բայդենն ու Նեթանյահուն հինգ անգամ խոսել են այն պահից, երբ պատերազմն սկսվել է անցյալ շաբաթ օրը՝ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո:
Բայդենը զրուցել է նաև Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ։
Պաղեստինյան WAFA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աբասը խոսել է Գազայում «բոլոր հարձակումները դադարեցնելու և միջազգային մարդասիրական իրավունքը հարգելու անհրաժեշտության մասին»։
Աբասը նաև կոչ է արել բացել Գազայից մարդասիրական միջանցքներ՝ ջուր, էլեկտրաէներգիա, վառելիք և դեղորայք մատակարարելու համար։
Սա նրանց առաջին հեռախոսազրույցն է Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ պատերազմի սկսվելուց հետո։




























