Անցած շաբաթ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլիոնւմ ապրող հրեաները արթնացել եւ տեսել են վախեցնող տեսարան՝ Դավթի աստղեր իրենց բազմաբնակարան շենքերի դռներին, գրել է FT-ն։

Ոստիկանությունը տեղեկացրել է, որ երեք նման միջադեպ է եղել։ Դրանք հիշեցնում են 1930-ականները, երբ նացիստները նշում էին հրեաներին պատկանող ձեռնարկությունները եւ կոչ անում գնումներ կատարել այլ տեղերում։

Գրաֆիտիները վիրավորանքներ եւ սպառնալիքներ են պարունակում Գերմանիայի հրեաների հասցեին։ Պաղեստինցի ակտիվիստները հարձակումը նշել են քաղցրավենիքներ բաժանելով Բեռլինի փողոցներում։

Գերմանիայի հրեաների կյանքի հարցերով կառավարական հանձնակատար Ֆելիքս Քլայնը ասել է, որ երկրի հրեաները «ցնցված են հակասեմականության դրսեւերումներից»։

Ազգամիջյան լարվածությունը կարող է խորանալ բռնության աճին զուգահեռ։ Իսրայելը հրամայել է Գազայի հատվածի հյուսիսի 1,1 մլն բնակչությանը տարհանվել։ Պաղեստինի առողջապահության ներկայացուցիչները նշել են, որ ռմբակոծումների սկզբից անկլավում զոհվել է ավելի քան 2 300 մարդ՝ հիմնականում կանայք եւ երեխաներ։ Լարվածությունն այս տեղեկությունների ֆոնին խորանում է։

Լարվածությունը հատկապես բարձր է Ֆրանսիայում, որտեղ ապրում են բազմաթիվ մուսուլմաններ։ Այստեղ եւս հակասեմական միջադեպեր են գրանցվել։

Շաբաթ օրը Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը հայտարարել էր, որ Ֆրանսիայում հակամարտության բռնկման պահից գրանցվել է 189 սպառնալիք եւ 65 ձերբակալություն հակասեմական դրսեւորումների պատճառով։

«Դրանք հիմնականում գրաֆիտիներ են սվաստիկաներով կամ «Մահ հրեաներին» տիպի կարգախոսներով»,- ասել է Դարմանենը France Inter ռադիոյին։

Սարսելում (Փարիզի հյուսիսային արվարձան), որը մեծ հրեական համայնք ունի, ռաբբի Ռենե Թայեբը ասել է, որ շատ հրեա ծնողներ իրենց երեխաներին դպրոց չեն ուղարկել՝ ի պատասխան հակասեմական սպառնալիքների զգալի աճի։

«Որոշ դպրոցներում 600 աշակերտից անգամ 60-ը չի եկել»,- ասել է Թայեբը։

Վախը սաստկացել է այն բանից հետո, երբ տղամարդն սպանել էր ուսուցչին՝ դանակով հարձակվելով Ֆրանսիայի հյուսիսում գտնվող դպրոցի աշխատակիցների վրա։ Մակրոնն այս առիթով ասել էր, որ սա ցուցադրել է «իսլամական ահաբեկչության բարբարոսությունը»։

Ֆրանսիայում Crif հրեական ասոցիացիայի խորհրդի գործադիր տնօրեն Ռոբերտ Էյնեսն ասել է, որ արաբա-իսրայելական բոլոր նախկին սրացումները, որպես կանոն, հետեւանքներ են ունեցել Եվրոպայի հրեաների համար։

Իսրայելցիների դեմ հարձակվելու փոխարեն պաղեստինյան գործի կողմնակիցները հարձակվում են «ֆրանսիական հրեաների վրա», ասել է նա։

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի ոստիկանությունը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 29-հոկտեմբերի 12 ընթացքում 75 տեղեկություն է ստացվել հակասեմական հանցագործությունների մասին. 2022թ. դրանց թիվը 12 էր։ Հրեական երեք դպրոցներ Լոնդոնի հյուսիսում ժամանակավորապես փակվել են անվտանգության նկատառումներից ելնելով։

Իտալիայի հրեական համայնքում եւս տագնապը խորանում է։ Հայտնվել են հակասեմական գրաֆիտիներ, այդ թվում սվաստիկաներով եւ կարգախոսներով, որոնք գովերգում են ՀԱՄԱՍ-ին։ «Հրեա մարդասպաններին՝ ջեռոցներ» բառեր են հայտնվել Միլանի հիվանդանոցի պատերին։

Իրավիճակը կարող է վատթարանալ, ասել է Հռոմի հրեական համայնքի նախկին նախագահ Ռութ Դուրեգելոն։

Ամբողջ Եվրոպայում իշխանություններն ուժեղացել են անվտանգության միջոցները սինագոգներում, հրեական դպոցներում եւ այլ հաստատություններում։

Ֆրանսիայի կառավարությունն արգելել է նաեւ պաղեստինամետ բողոքները՝ այն մտավախությամբ, որ դրանք կարող են «խախտել հանրային կարգը»։ Չնայած այդ ջանքերին՝ «Իսրայելը մարդասպան է, եւ Մակրոնը նրա հանցակիցն է» կարգախոսներ են հայտնվել։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել արգելել Samidoun-ը՝ «պաղեստինցի բանտարկյալների համերաշխության ցանցը»։ Բեռլինի իշխանություններն արգելել են պաղեստինամետ ցույցերը։

Այդ ելույթները հատկապես նկատելի են դպրոցներում, այն քաղաքներում, որոնց բնակչության մեծ մասը մուսուլմաններ են։

Քլայնի խոսքով՝ ամենից շատ անհանգստացնում է մարդկանց պրոֆիլը, որոնք կանգնած են բողոքների եւ ի աջակցություն ՀԱՄԱՍ-ի տոնակատարությունների հետեւում։ Նրանք սիրիացի կամ իրաքցի չեն, որոնք եկել են 2015-16թթ. փախստականների մեծ հոսքի ժամանակ, այլ «ընտանիքներ, որոնք այստեղ ապրել են երկար ժամանակ եւ գերմանական անձնագրեր ունեն»։ «Դա ցույց է տալիս, որ այժմ այստեղ՝ Գերմանիայում, առաջ են գալիս զուգահետ հասարակություններ, եւ ինտեգրացիան որոշ առումներով չի հաջողվել»,- ասել է նա։