ԵՄ 27 երկրների ղեկավարները կոչ են արել «անհապաղ եւ անվերապահորեն» ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող բոլոր պատանդներին։
Վաղը նրանք տեսակապով հանդիպում են ունենալու արտահերթ գագաթաժողովում, քանի որ ԵՄ-ում մեծանում է անհանգստությունը տարածաշրջանի անկայունության հետ կապված։
Այսօր առավոտյան Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ընթերցած հայտարարությունում ԵՄ ղեկավարները պաշտպանել են Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը, բայց հայտարարել, որ այն պետք է «լիովին համապատասխանի միջազգային իրավունքին եւ միջազգային հումանիտար իրավունքին»։
Միշելն ասել է, որ գագաթաժողովում քննարկվելու են առավել խոցելի քաղաքացիների հիմնական կարիքների բավարարման հարցերը՝ հումանիտար իրավունքին համապատասխան, պետք է ճնշում գործադրվի նրանց վրա, ովքեր կարող են օգնել իրավիճակի դեէսկալացիային։ ԵՄ-ն նաեւ անհանգստացած է միգրանտների հսկայական թվաքանակով, որոնք հեռանում են Գազայից, եւ հումանիտար կարիքներով, որոնք առաջ կգան հարեւան երկրներում։





























