Իսրայելական բանակի ցամաքային գործողության պլանը Գազայի հատվածում կարող է հանգեցնել ցեղասպանության, հայտարարել են Արաբական պետությունների լիգան եւ Աֆրիկյան միությունը՝ պահանջելով անհապաղ դադարեցնել կրակը Գազայի հատվածում եւ համակարգել հումանիտար օգնության միջազգային ջանքերը։

«Իսրայելի ցամաքային գործողությունը կհանգեցնի մեծաթիվ զոհերի քաղաքացիական բնակչության շրջանում, այդ թվում՝ կանանց եւ երեխաների, ինչը կարող է հանգեցնել աննախադեպ ցեղասպանության»,- նշվել է կազմակերպությունների համատեղ հայտարարությունում։

«Երկու կազմակերպությունները ՄԱԿ-ին կոչ են անում ամուր դիրքորոշում որդեգրել, քանի դեռ չափից ավելի ուշ չէ աղետը կանգնեցնելու համար»,- նշվել է հայտարարությունում։

ԱՊԼ-ն եւ Աֆրիկյան միությունն ընդգծել են, որ քաղաքական կարգավորումը անվտանգության եւ խաղաղության միակ երաշխիքն է։