Պաղեստինա-իսրայելական պատերազմում այլ ճակատների բացման հնարավորության տեսանկյունից անհրաժեշտ է հաշվի առնել ԱՄՆ-ի ու Իրանի գործողություններն ու հայտարարությունները։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը։
«Իրանը հայտարարել է, որ չի ցանկանում ներքաշվել պատերազմի մեջ։ Միաժամանակ, Թեհրանն ասել է, որ եթե Գազայի հատված ցամաքային ներխուժում լինի, այլ ճակատների բացումը չի կարելի բացառել։ Սակայն սրանից հետո Իրանի ԱԳՆ ղեկավարը նոր բովանդակությամբ հայտարարություն արեց, որ եթե Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակում չլինի, ապա Թեհրանը պատերազմի մեջ չի ներքաշվի։
ԱՄՆ-ը, իր հերթին, նշել է, որ տարածաշրջան կործանիչներ և ռազմանավեր ուղարկելը նպատակ ունի զսպել պատերազմը, այլ ոչ թե հրահրել։
ՀԱՄԱՍ շարժումը, չնայած Իրանի ազդեցությանը, գաղափարական տեսակետից կապված է Թուրքիայի հետ, իսկ ֆինանսական տեսանկյունից՝ Կատարի հետ։ Ի հակադրություն, Լիբանանում գործող Հեզբոլլահn ընկալվում է զուտ որպես իրանական ռազմաքաղաքական միավոր։
Մինչ այժմ Իսրայելի և Հեզբոլլահի միջև ամեն ինչ հանգեցրել է սահմանափակ փոխհրաձգությունների, և հնարավոր է, որ Իսրայելը ձեռնարկի գործողություններ, որոնք չեն ենթադրում ցամաքային ներխուժում Գազա: Պատերազմ է գնում, անկանխատեսելի իրադարձություններ կարող են լինել, բայց առայժմ կան զսպող գործոններ, դիվանագիտական և քաղաքական ճնշումներն ավելանում են, բանակցային օրակարգ է հասունանում, որը կարող է ներառել երկու պետությունների բանաձևը»,- նշեց Քանդահարյանը։
Նա նաև հիշեցրել է Չինաստանին ուղղված ԱՄՆ-ի առաջարկը՝ միջամտել հակամարտության կարգավորմանը։
«Սա ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգները ձգտում է շարժվել դեպի հիմնախնդրի քաղաքական լուծում, ինչպես նաև Չինաստանի դերի մասինէ որպես ազդեցիկ գործոն Մերձավոր Արևելքում: Հատկանշական է, որ Չինաստանն արձագանքեց՝ մատնանշելով անվտանգության երաշխիքների կարևորությունը՝ խաղաղության հաստատման առումով։ Չինաստանը որպես խաղաղության պայման անվանեց Պաղեստին պետության ստեղծումը»,- ընդգծեց Քանդահարյանը։
Նա հիշեցրել է, որ հենց Պեկինում է սկսվել Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթացը։
Նրա խոսքով` դա կարեւոր է տարածաշրջանում Չինաստանի ազդեցության աճի տեսանկյունից։





























