Լիբանանը գործադրում է բոլոր ջանքերը՝ հեռու մնալու Գազայի հատվածում շարունակվող պատերազմի հետեւանքներից։ Այս մասին հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթին, հայտնում է լիբանանյան NNA պետական ​​գործակալությունը։

Միքաթին վերահաստատել է Լիբանանի ամբողջական միասնությունը՝ ի համերաշխություն Պաղեստինի: Այնուհանդերձ, նա հասկացրել է, որ «ոչ ոք շահագրգռված չէ ռազմական արկածախնդրության մեջ՝ ռազմական ճակատ բացելով հարավային Լիբանանում, քանի որ լիբանանցիները ի վիճակի չեն դիմանալ դրան»:

«Տարածաշրջանն ընդհանուր առմամբ ծանր վիճակում է, և ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչ կարող է լինել։ (...) Բայց հաստատ է մի բան, որ Իսրայելը ձգտում է ակտիվացնել իր սադրանքները»,- հավելել է Միքաթին։

Նրա խոսքով՝ վերջին օրերին ինքը բանակցություններ է վարել ԱՄՆ վարչակազմի, ինչպես նաև Ֆրանսիայի, Իտալիայի, Թուրքիայի, Կատարի և մի շարք այլ երկրների ղեկավարների հետ։ Միքաթին նշել է, որ խաղաղության մասին որոշումը «ներկայումս գտնվում է Իսրայելի ձեռքում» և կոչ է արել միջոցներ ձեռնարկել Իսրայելին ու նրա սադրանքները զսպելու համար։ «Շարունակվող տարածաշրջանային և միջազգային շփումների միջոցով պարզ է, որ մեծ ճնշում կա Գազայի հատվածում հրադադարի հասնելու համար», - ասել է Միքաթին: