ԱՄՆ ինտենսիվ դիվանագիտությունն առայժմ չի ազդում Մերձավոր Արեւելքի արաբական երկրների վրա, եւ նախագահ Բայդենի պլանավորված այցը տածաշրջան կարող է չօգնել, գրել է ամերիկյան Poltico-ն։
Պետքարտուղար Բլինքենը քիչ էր մնում դառնար Սաուդյան Արաբիայի թագաժառանգի ուրվականը, իսկ Եգիպտոսի նախագահը նրան պատմության դաս էր տալիս։ ԱՄՆ պաշտոնատար անձինք չկարողացան համոզել արաբ ղեկավարների մեծ մասին դատապարտել ՀԱՄԱՍ-ին Իսրայելի վրա հարձակվելու համար։
Այս պայքարը ենթադրում է, որ ԱՄՆ ազդեցությունը տարածաշրջանում թուլանում է, իսկ Ռուսաստանը եւ Չինաստանը մրցակցում են այդ ազդեցության համար։
ԱՄՆ-ն, ըստ երեւույթին, դիվանագիտական հաղթանակ է տարել երեքշաբթի առավոտյան Իսրայելում, երբ երկու երկրները պայմանավորվել են հումանիտար միջանցք բացել Գազայի հատվածում։ Բայց այժմ չափազանց վաղ է լուրջ բեկման մասին խոսելու համար։
Չորեքշաբթի Բայդենի տարածաշրջան կատարելիք ուղեւորությունը կարող է բարդացնել խնդիրը։ Պաղեստինամետ խմբավորումները, ներառյալ ՀԱՄԱՍ-ը, կարող են դա սադրանք համարել։ Բայց Բայդենը կհանդիպի արաբ որոշ ղեկավարների հետ Հորդանանում, ինչպես նաեւ կայցելի Իսրայել՝ ի նշան համերաշխության։
Նրա այցը կզայրացնի արաբական աշխարհին, կարծում են վերլուծաբանները։ Պաշտոնյաները եւ վերլուծաբանները նշում են, որ անդրկուլիսյան բանակցությունները կարող են ավելի արդյունավետ լինել, քան հրապարակային հայտարարությունները։
Բլինքենը դիվանագիտական արշավի դեմքն է դարձել. վերջին մի քանի օրերին նա այցելել է Իսրայել եւ արաբ բնակչության մեծամասնություն ունեցող վեց երկրներ, մի քանիսը՝ երկրորդ անգամ։
Նա պնդել է, որ գոյություն ունի զգալի կոնսենսուս որոշ հիմնական նպատակների հարցում, ներառյալ ցանկությունը, որպեսզի հակամարտությունը չվերաճի ավելի լայն տարածաշրջանային պատերազմի։
Բայց ԱՄՆ փորձը՝ համոզելու Եգիպտոսին, որ բացի սահմանային անցումը, որպեսզի պաղեստինցիներն ու օտարերկրյա քաղաքացիները Գազայի հատվածից անցնեն Եգիպտոս, առայժմ հաջողությամբ չի պսակվել։
Եգիպտոսը մեղադրում է Իսրայելին, որ նրա ռմբակոծումները խանգարում են Կահիրեին անցակետով հումանիտար օգնություն ուղարկել դեպի Գազայի հատված։
Եգիպտացիները նաեւ անհանգստանում են պաղեստինցիներին ընդունելու հարցում, զգուշանալով, որ Իսրայելը երբեք թույլ չի տա նրանց վերադառնալ։
ԱՄՆ-ն, ինչպես երեւում է, իրոք որոշ ազդեցություն ունի Իսրայելի վրա։ ԱՄՆ-ն հաջողությամբ աշխատել է կուլիսների հետեւում, որպեսզի համոզի Իսրայելին չեղարկել 1 մլն մարդկանց տարհանման ծանուցումը, որոնք ապրում են Գազայի հատվածի հյուսիսում...
Արաբական երկրները կամ զուսպ դիրքորոշում են որդեգրել, կամ լռում են, երբ բանը հասնում է ՀԱՄԱՍ-ին դատապարտելուն։
Զինյալների հարձակումը արտասովոր մահասփյուռ էր, եւ ՀԱՄԱՍ-ը բազմաթիվ պատանդներ է վերցրել։ Բայց Իսրայելի ճնշումների հետեւանքով զոհվել են հազարավոր պաղեստինցիներ, եւ Իսրայելը հայտարարում է, որ մտադիր է ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը։
Իսրայելական պաշարումը հանգեցրել է պարենի, ջրի անբավարարության, չկա էլեկտրականություն։ Եվ քչերն են հավատում, որ Վաշինգտոնը կարող է կամ կցանկանա փորձել կանգնեցնել Իսրայելի ցամաքային ներխուժումը Գազայի հատված։
Բլինքենը արաբ պաշտոնյաներին ասել է, որ «հետագայում ՀԱՄԱՍ-ը չպետք է իրեն սովորականի պես պահի»։
Բայց այդ երկրների մի մասի կառավարությունները կապեր ունեն ՀԱՄԱՍ-ի հետ, եւ նրանց ղեկավարները լավ են հասկանում, որ արաբ շատ քաղաքացներ աջակցում են պաղեստինցիներին, որոնց գործի համար պայքարում է ՀԱՄԱՍ-ը։
Կատարը տուն է ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան առաջնորդների համար, եւ նրա քաղաքական գրասենյակն է գտնվում այս երկրում։ Կատարը միջնորդ է հանդիսանում Միացյալ Նահանգների եւ այլ երկրների դիվանագիտական գլխավոր առաջնահերթության լուծման հարցում՝ պատանդների ազատ արձակում, որոնց մի մասը օտարերկրյա քաղաքացիներ են։
Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն զգուշավորությամբ են վերաբերվում Իրանին՝ ՀԱՄԱՍ-ի գլխավոր հովանավորին։ Իրանն աջակցում է նաեւ «Հեզբոլլահին»։
Բայդենը վերջին օրերին հեռացել է Իսրայելի միանշանակ աջակցությունից։ Նա նախազգուշացրել է Իսրայելին, որ Գազայի օկուպացիան գուցե չարժե ծախսված միջոցներին։
Բայց Բայդենը եւ ԱՄՆ-ն վաղուց համարվում են իսրայելամետ, ինչն ուժեացնում է դժգոհությունը տարածաշրջանում։
Մինչ Բլինքենը երկրից երկիր էր ճամփորդում, բավական սառը ընդունելության է արժանացել արաբական որոշ ղեկավարների կողմից։
Եգիպտոսի նախագահ Աս-Սիսին նրան դասախոսություն է կարդացել պաղեստինցիների տառապանքների մասին, նաեւ հայտարարել է, որ հրեաները երբեք չեն ենթարկվել Եգիպտոսի հետապնդումներին։
Սաուդյան Արաբիայի թագաժառանգը ստիպել է Բլինքենին սպասել մի քանի ժամ կիրակնօրյա հանդիպումից առաջ։
Տեղեկություններ են հայտնվել նաեւ այն մասին, որ սաուդցիները դադարեցնում են ԱՄՆ-ի կողմից աջակցվող բանակցությունները Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։
Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամը խոսել է Իրանի նախագահի հետ։ Սաուդյան Արաբիան եւ Իրանը վերջերս վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները։
Արաբ պաշտոնատար անձինք, այնուամենայնիվ, աջակցում են ԱՄՆ ջանքերին, չնայած ընդունում են, որ կարող է որոշ ժամանակ անցնել, մինչեւ որ ի հայտ գան երկարաժամկետ արդյունքները։ «Չեմ կասկածում. առանց ամերիկյան ղեկավարության մենք ավելի ծանր վիճակում կհայտնվեինք»,- ասել է մի արաբ դիվանագետ։ «Այսօրվա նպատակը արյունահեղության դադարեցումն է»։





























