«Այսօր Արեւմուտքում ակնհայտ է, որ մարդու քաղաքական պատկանելությունն այլեւս նշանակություն չունի, երբ բանը վերաբերում է Պաղեստինին եւ պաղեստինյան պայքարին։ Առաջնորդները, քաղաքական գործիչները, փորձագետները եւ զանգվածային լրատվամիջոցների գործիչները, ներառյալ աջերը, պահպանողականները, լիբերալները, կենտրոնամետները եւ ձախերը. նրանք բոլորն աջակցում են իսրայելական գաղութացման եւ ապարտեիդի վարչակարգին»,- նշվել է Middle East Eye պորտալի հոդվածում

«Այս բարոյական կործանումն իսկապես հասկանալու համար կարեւոր է Արեւմուտքի հավաքական պատասխանը տեղավորել ավելի լայն համատեքստում։

Արեւմտյան աշխարհը պայքարում է լուրջ «հոգեխանգարմունքի» դեմ՝ իշխանության շարունակվող գլոբալ վերաբաշխման արդյունքում, որը տեղափոխվում է եվրո-ամերիկյան ոլորտից։ Նման արձագանքը միանգամայն հասկանալի է, քանի որ  հրաժարումը բազմադարյա գաղութային առավելություններից եւ ոչ եվրոպական երկրների ու աշխարհի վրա գերիշխելու լիցենզիայից, անկասկած, բարդ խնդիր է։

Այսօր արեւմտյան իսթեբլիշմենթը եւ նրա հիմնական զանգվածային լրատվամիջոցները վերադարձել են եվրոգաղութատիրական եւ ռասիստական հիմքերին, որոնք Ամերիկայում եւ աշխարհի այլ մասերում 1492-ից հետո ընկած էին ներխուժման, բնակեցման եւ ցեղասպանության իրականացման հիմքում։

Նրանք օգտագործում են ռասիստական եւ անմարդկային արտահայտությունների տագնապալի հավաքածու, որպեսզի սեւացնեն պաղեստինցիներին եւ լեգիտիմությունից զրկեն նրանց պայքարը՝ նրանց անվանելով «գազաններ», «կենդանիներ», «բարբարոսներ», «ահաբեկիչներ», «չարագործներ», «վայրենիներ», որոնք կատարում են «երկրորդ հոլոքոստը», «եւս մեկ սեպտեմբերի 11» եւ այլն։

Այս դիսկուրսը  հիմնականում արտացոլում է այն նույն կարծրատիպերն ու շաբլոնները, որոնք հանրահայտ եվրոպացի լիբերալ եւ Լուսավորության ժամանակների փիլիսոփաները, մտածողները, հիմնադիր գործիչները եւ հերոսներն օգտագործում էին ամբողջ աշխարհում ստրկացումն ու ոչ եվրոպական երկրների գաղութացումն արդարացնելու համար վերջին հինգ հարյուրամյակի ընթացքում։

Զարմանալի չէ, որ Արեւմուտքի պաշտոնական դիրքորոշումն ամբողջ սրտով որդեգրել է իսրայելական գաղութացման գաղափարախոսությունը, որն, ըստ էության, եվրոմոդեռնիստական/գաղութային ինքնատիպ դիսկուրսի նմանակումն է։

Արեւմտյան գաղութային ստանդարտը

Շատերն արդարացիորեն դատապարտում են կեղծավորությունն ու կողմնակալությունը, որոնք արտահայտվում են հիմնական արեւմտյան ԶԼՄ-ներում եւ քաղաքական բանավեճերում։

Զարմանալի է, որ այդ նույն արեւմտյան ԶԼՄ-ները եւ առաջնորդները, որոնք պատրաստակամորեն մեղադրում են Ռուսաստանին ռազմական հանցագործություններ եւ մարդկության դեմ հանցագործություններ կատարելու մեջ, պարբերաբար զերծ են մնում նույնն անելուց, երբ խոսքը վերաբերում է Իսրայելին։

Նրանք անտեսում են Իսրայելի հանցագործությունները Պաղեստինի դեմ 1948-ից, այդ թվում ապարտեիդի շարունակվող հանցագործությունները եւ պաղեստինցիների էթնիկ զտումները, որոնց հետեւանքով պաղեստինցիների մոտ 80 տոկոսը դարձել է փախստական կամ ներքին տեղահանված։

Տասնամյակ տասնամյակի հետեւից պաղեստինցիների իսրայելական հավաքական պատիժը՝ քաղաքացիական ենթակառուցվածքի, տների, հիվանդանոցների, պաշտամունքի վայրերի, դպրոցների եւ համալսարանների ռմբակոծումները, ինչպես նաեւ երեխաների առեւանգումն ու ողջակիզումը, էլեկտրականության եւ ջրամատակարարման անջատումը եւ շատ այլ հանցագործություններ, հազիվ թե անհանգստացրած լինեն Արեւմուտքին։

Էլ ավելի տագնապալի է այն, որ այդ նույն քաղաքական եւ զանգվածային լրատվամիջոցների գործիչները, որոնք հավանություն են տվել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ)՝ Ռուսաստանի նախագահին ձերբակալելու օրդերին, ակտիվորեն խանգարել են Իսրայելի հանցագործությունների հետաքննությանը ՄՔԴ-ի կողմից, որպեսզի զրկեն պաղեստինցի զոհերին արդարության գեթ մեկ կաթիլից։

Տարօրինակ է, որ թեեւ  դա կեղծավորության եւ երկակի չափորոշիչների տեսք ունի, պաշտոնական Արեւմուտքը, նրա դիսկուրսը եւ գործողությունները զանգվածային լրատվամիջոցներում մնում են լիովին համապատասխան եվրոժամանակակից/ գաղութային չափորոշիչներին, որոնք արդեն որոշել են, որ միայն եվրոպացիներն են համարվում լիարժեք մարդիկ եւ, հետեւաբար, իրավունք ունեն ազատության եւ իրավունքի մյուսների հանդեպ։

Դեհումանիզացիա

Պաղեստինցիների, ինչպես նաեւ ստրկացված ու ռասայականացված այլ ժողովուրդների շարունակվող դեհումանիզացիան ամբողջ աշխարհում արմատացած եվրոպական գաղութային չափորոշիչների եւ նորմերի շարունակությունն են։

Արեւմտյան կառավարությունների եւ զանգվածային լրատվամիջոցների երկերեսանիության մեղադրանքները քավության ծածուկ հույս են կրում։ Չնայած այդ հույսն անկեղծ է, այն, ցավոք, անհասանելի է։

Ինչպես նկատել է աֆրոկարիբյան մտածող, գաղութատիրության դեմ հանդես եկող Ֆրանց Ֆանոնը, գաղութարարության զոհերին երբեք չի հաջողվի համոզել իրենց եվրոպացի գաղութարարներին, որ իրենք տառապում են եւ ձգտում են ազատության, որովհետեւ, եվրագաղութատիրական մտածողության համաձայն, միայն եվրոպացիներն են կարող իսկական տառապանք զգալ եւ ձգտել ազատության։

Անգամ հանուն ազատության անսասան պայքարի հարյուրամյակից հետո աշխարհը մնում է անտարբեր պաղեստինցիների տառապանքների հանդեպ սիոնիստական գաղութարարությունից, որին աջակցում է Եվրոպան։ Դրա փոխարեն արեւմտյան առաջնորդները եւ զանգվածային լրատվամիջոցները խնդրում են նրանց դատապարտել իրենց եւ ազատության իրենց ձգտումը։

Պաշտոնական Արեւմուտքը եւ նրա ԶԼՄ-ները ոչ միայն անտեսում են պաղեստինցիների տառապանքները եւ ձեւացնում, թե հակամարտությունն  սկսվել է միայն անցած շաբաթ, այլեւ, ինչպես դիպուկ նկատել է Էդվարդ Սայիդը մոտ չորս տասնամյակ առաջ, հերքում են նրանց իրավունքը՝ պատմելու սեփական պատմությունը։

Նրանք համառորեն պաղեստինցիներին գլխավոր մեղավորներ են ներկայացնում, կարգը խախտողներ եւ ահաբեկիչներ՝ չնայած հակառակ բազմաթիվ ապացույցներին։ Նրանց տառապանքները ապարտեիդի վարչակարգից հեռարձակվել են ուղիղ եթերով, հեռուստատեսությամբ եւ սոցցանցերում ու փաստագրվել բազմաթիվ հետաքննություններով եւ ՄԱԿ բանաձեւերով, հաշվետվություններով, կոմիտեներով, վիճակագրությամբ, ինֆոգրաֆիկայով, ինչպես նաեւ գիտական՝ փաստերի եւ արխիվային նյութերի վրա հիմնված հետազոտություններով, որոնք իրականացրել են հարգարժան պատմաբանները։

Հավաքական պատիժ

Պաշտոնական արեւմտյան դիսկուրսը նախատեսված է այն բանի համար, որպեսզի հանրային կարծիքը տրամադրի հօգուտ պաղեստինցիների հավաքական պատժի եւ սպանությունների ոչ միայն իսրայելցի գաղութարարների, այլ նաեւ ամերիկյան, բրիտանական, գերմանական եւ այլ գաղութային տերությունների կողմից, որոնք արագ իրենց ավիակիրներն ու սպառազինություններն են ուղարկել Գազային պատժելու համար։

Այսօր մենք վկաներն ենք այն բանի, թե ինչպես են այդ նույն ռասիստական կարծրատիպերը եվրոպական գաղութային դիսկուրսից օգտագործվում պաղեստինցիների դեհումանիզացիայի եւ ապագաղութացման  պայքարի իրավունքից նրանց զրկելու համար։

Նրանց ենթադրյալ հանցագործությունն իրենց գործողությունները չեն, այլ իրենց հողի վրա գոյատեւելու, դիմադրելու եւ ազատության ձգտելու նրանց վճռականությունը։

Պաղեստինցիների հանցագործությունն այն է, որ նրանք շարունակում են նորից հայտնվել՝ հրաժարվելով մահանալ լուռ եւ կոտրելով պաշարված Գազայի պատնեշը։

Անկախ այն բանից, թե ընդունում է արդյոք այդ պայքարը բռնի կամ ոչ բռնի ձեւ, կամ լեգիտիմ է արդյոք, այն անխուսափելիորեն անվանում են բռնի, քանի որ մարտահրավեր է նետում արդարադատության եվրո-իսրայելական գաղութատիրական համակարգին եւ նրա անարդար ու անբարո հիմքերին։

Այս տեսակետից պաղեստինցիների գոյությունն իսկ  համարվում է բռնության ակտ եւ իրավախախտում։ Պաշտոնական Արեւմուտքը արդեն սկսել է քրեականացնել եւ արգելել խաղաղ գործողությունները, ինչպիսին են ցույցերն ու բոյկոտը իսրայելական ապարտեիդի, էթնիկ զտումների, հավաքական պատժի, սրբատեղիների վրա հարձակումների, Գազայի հատվածը ավելի քան 2 մլն մարդու (որոնց 1,7 մլն-ն փախստական է) համար համակենտրոնացման ճամբարի վերածելու դեմ։

Արեւմտյան իսթեբլիշմենթի հոգեխանգարմունքը հասել է մի կետի, երբ անգամ պաղեստինյան դրոշը կամ պաղեստինյան կուֆիա կրելը բռնության ակտ են համարվում։

Ինչպես եւ այլ գաղութացված եւ ստրկացված ժողովուրդները, պաղեստինցիները պայքարում են գաղութային լծից ազատ ապագայի համար։

Պաղեստինցի ժողովուրդը կհամառի ազատության համար իր պայքարում, անգամ երբ ճնշման բեռը զրկի նրան շնչելու հնարավորությունից»։