ԱՄՆ-ն Մերձավոր Արեւելքում հակամարտության սուր ծայրն ուղղում է Իրանի դեմ։ Այս մասին հոկտեմբերի 17-ին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Իրանի առաջին փոխնախագահ Մոհամադ Մոհբերի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացրել է ԲԵԼՏԱ-ն։
Նրա խոսքով՝ իրադրությունն աշխարհում թեժանում է։ «Մերձավորարեւելյան ճգնաժամը նպաստում է այն բանին, որ մեր ոչ բարեկամ երկրները՝ ԱՄՆ-ն եւ Արեւմուտքը, մշտապես այդ հակամարտության սուր ծայրն ուղղում են Իրանի դեմ։ Դուք դա ավելի լավ եք զգում։ Մեր պատասխանը մեկն է. մենք պետք է ավելի սերտ աշխատենք միմյանց հետ, համագործակցենք, որպեսզի դիմակայենք այդ հարձակումներին»,- ընդգծել է Լուկաշենկոն։
Նա նշել է, որ Բելառուսը եւ Իրանը պետք է միասին աշխատեն, որպեսզի դիմակայեն Արեւմուտքին։ «Դուք գիտեք. իրավիճակը, որում գտնվում է Բելառուսը։ Դա մոտավորապես նույն իրավիճակն է, որի մեջ գտնվում եք դուք։ Մեր պետությունների վրա գործադրվող ճնշումը աննախադեպ է, բայց դուք արդեն սովորել եք դրան ինչ-որ չափով դիմակայել, եւ ձեր փորձը մեզ համար շատ կարեւոր է։ Ինչն է ինձ մշտապես զարմացնում, այն, որ այդ մասշտաբային ակցիաների ընթացքում այս շրջանում Իրանը ոչ մի կերպ չի իջեցրել զարգացման մակարդակը, հակառակը, զգալիորեն բարձրացրել է»։




























