Մադրիդը հերքել է իսրայելական մեղադրանքները, թե Իսպանիայի ներկայիս կոալիցիոն կառավարության որոշ անդամներ միացել են «ԻՊ-ի ոճով ահաբեկչությանը», քննադատել Բենիամին Նեթանյահուի պատասխանը ՀԱՄԱՍ-ի հարձակմանը և ենթադրել, որ իսրայելական ուժերը Գազայի հատվածում ցեղասպանություն և ռազմական հանցագործություններ են իրականացնում, գրում է The Guardian –ը:
Հանգստյան օրերին Իսպանիայի սոցիալական իրավունքների նախարար Իոնե Բելարան, որը սոցիալիստների գլխավորած կոալիցիայի կրտսեր գործընկեր Podemos-ի առաջնորդն է, առաջարկել է, որ Իսպանիայի կառավարությունը Նեթանյահուին ներկայացնի Միջազգային քրեական դատարան՝ պատերազմական հանցագործությունների մեղադրանքով:
Բելարայի տեսակետները պաշտպանել են Podemos-ի նրա գործընկեր Իրենե Մոնտերոն՝ իրավահավասարության նախարարի պաշտոնակատարը, և Ալբերտո Գարսոն՝ Իսպանիայի սպառողական հարցերով զբաղվող նախարարի պաշտոնակատարը։
Թեև Մադրիդում Իսրայելի դեսպանատունը չի նշել նախարարներից որևէ մեկի անունը, բայց զայրացած հայտարարություն է տարածել՝ մեղադրելով իսպանական կառավարության «որոշ անդամներին» ՀԱՄԱՍ-ի հետ կոալիցիա կազմելու և Իսպանիայի հրեական համայնքներին վտանգի ենթարկելու մեջ: Դիվանագիտական գրասենյակը կոչ է արել վարչապետ Պեդրո Սանչեսին միջամտել և դատապարտել իր գործընկերների «ամոթալի» մեկնաբանությունները։
«Այս մեկնաբանությունները ոչ միայն զուրկ են բարոյականությունից, այլև վտանգում են Իսպանիայում հրեական համայնքների անվտանգությունը՝ նրանց ավելի շատ հակասեմական հարձակումների և միջադեպերի վտանգի ենթարկելով»,-ասված է հայտարարությունում:
Իսպանիան, որը նախագահում է ԵՄ Խորհրդում, պատասխանել է խիստ հայտարարությամբ՝ մեղադրելով Իսրայելի դեսպանատանը կառավարության որոշ նախարարների մասին «ստեր տարածելու» մեջ։
Ըստ ԱԳՆ հայտարարության՝ Իսպանիայի նման լիակատար ժողովրդավարություն ունեցող երկրի ցանկացած քաղաքական առաջնորդ կարող է ազատորեն արտահայտել իր դիրքորոշումը՝ որպես քաղաքական կուսակցության ներկայացուցիչ։ «Այնուամենայնիվ, իսպանական կառավարության դիրքորոշումը ՀԱՄԱՍ-ի կողմից իրականացված ահաբեկչությունների վերաբերյալ հստակ է․ այն միանշանակ դատապարտում է գործողությունները՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել պատանդներին և ճանաչում է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված կարգով»:





























