Ադրբեջանում Իսրայելի համար ռազմավարական նշանակություն ունեցող բազա է գտնվում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանում Իսրայելի ռազմական ներկայությունն ապահովված է, հետախուզական տվյալներ են հավաքվում, անօդաչու սարքերի թռիչքի համար պայմաններ են ստեղծվել։

«Իրանա-իսրայելական հակամարտությանն Ադրբեջանի անմիջական միջամտությունը կախված է տարբեր գործոններից»,- նշել է նա՝ հիշեցնելով Թեհրանի և Բաքվի միջև լարված հարաբերությունները։

Կարևոր է հասկանալ, թե ինչպես կարձագանքեն արտաքին խաղացողները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, և ինչպես, իր հերթին, կարձագանքի Մոսկվան, դրան հավելել է փորձագետը։

«Բաքուն, իմ կարծիքով, այնքան էլ ուշադրություն չի դարձնում Մոսկվային, բայց ոչ այնքան, որ ընդհանրապես հաշվի չառնի Ռուսաստանի կարծիքը։ Հնարավոր են տարբեր տարբերակներ։ Այժմ Բաքվի դիրքորոշումն այն է, որ նա չեզոք է, որ Ադրբեջանում կան միայն իսրայելցի խորհրդականներ, որոնք պարզապես օգնում են»,- ընդգծել է Ֆելգենգաուերը։

Իսրայելի և Իրանի միջև ուղիղ առճակատման տեսանկյունից գլխավոր խնդիրն աշխարհագրական է, նրանք միմյանց սահմանակից չեն, հիշեցրել է նա։

«Այսպիսով, նրանք կարող են անուղղակիորեն պայքարել՝ հիմնականում տարբեր պրոքիների միջոցով։ Իսրայելը է լուծել իրանական պրոքսիների հարցերը, բայց չի կարող տանկային շարասյուներով երթ կատարել Թեհրանի դեմ, բայց կարող է հրթիռային հարվածներ հասցնել Իրանի վրա:

Իրանն, իր հերթին, նույնպես չի կարող արշավել Իսրայելի դեմ և ազատագրել Երուսաղեմը, քանի որ նրանց բաժանում են մեծ հեռավորություններ։

Իրանը ներկայություն ունի Սիրիայում, Լիբանանում և դաշնակիցներ՝ տարածաշրջանում: Բայց Իսրայելը նաև դաշնակիցներ և բազաներ ունի տարբեր երկրներում, այդ թվում՝ ռազմավարական կարևոր բազա Ադրբեջանում։

Հասկանալի է, որ մեծ պատերազմի դեպքում առանց Արեւմուտքի չի լինի։ Ակնհայտ է, որ մասնակցելու են Անգլիան, Ավստրալիան, Ֆրանսիան, այսինքն՝ լուրջ զինված ուժեր ունեցող երկրներ, որոնք նախկինում մասնակցել են տարածաշրջանի պատերազմներին։ Հնարավոր է՝ արաբական երկրների, նույն՝ Սաուդյան Արաբիայի մասնակցությունը։ Դասավորությունները կարող են տարբեր լինել: Սակայն, Իրանը ռազմավարական խափանում է կրել, քանի որ պատերազմի արդյունքում Թեհրանը, ամենայն հավանականությամբ, կկորցնի իր բազան Գազայում»,- հավելել է Ֆելգենգաուերը։

Նա չբացառեց, որ որոշակի զարգացումներից ելնելով, իրանական ներկայությունը կարող է տուժել նաեւ Սիրիայում։ 

«Հետևաբար, այն, ինչ տեղի է ունենում, կարող է կործանել Իսրայելը շրջապատելու՝ Թեհրանի ռազմավարությունը։ Այս առումով Իրանը ձգտում է զինադադարի հասնել, որպեսզի գոնե ինչ-որ ձևով պահպանի ՀԱՄԱՍ-ը: Սակայն դա չի ստացվի, ՀԱՄԱՍ-ը կկործանվի, ինչը նշանակում է, որ Իսրայելը կկարողանա իր ուժերը կենտրոնացնել միայն հյուսիսում։ Իսրայելը բավականաչափ ուժեր ունի տարածաշրջանում Իրանի բոլոր պրոքսիները ոչնչացնելու գործողություն իրականացնելու համար։

Իրանը պատրաստ չէ հրթիռային հարձակումների և Իսրայելի դեմ պատերազմի, քանի որ դրան ի պատասխան կմիջամտի ԱՄՆ-ը, ուստի Թեհրանի և իրանամետ Հեզբոլլահի համար խելամիտ լուծումը չմիջամտելն է»,- ասել է փորձագետը։

Ֆելգենհաուերը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ինքնուրույն է կազմակերպել հարձակումը և դրանով իսկ զգալիորեն փչացրել Իրանի ողջ ռազմավարությունը։

«Կարծում եմ, որ Իրանը բավականին զայրացած է ՀԱՄԱՍ-ի վրա, քանի որ այն հարվածի տակ է Թեհրանին», - եզրափակել է նա: