Նիկարագուայի իշխանություններն ազատ են արձակել տարբեր մեղադրանքներով բանտարկված 12 կաթոլիկ քահանաների և ուղարկել նրանց Հռոմ՝ Վատիկանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով կառավարության հայտարարությունը:
Նիկարագուայի կառավարությունը հայտնել է, որ քահանաները Հռոմ են ուղարկվել չորեքշաբթի կեսօրին՝ Վատիկանի հետ արդյունավետ բանակցություններից հետո:
Վատիկանը հինգշաբթի հաստատել է, որ Սուրբ Աթոռին խնդրել են ընդունել 12 քահանաների, ովքեր վերջերս ազատ են արձակվել: Նրա խոսքով՝ նրանք կտեղակայվեն Հռոմի թեմին պատկանող տարբեր կառույցներում։
Նիկարագուայի կառավարությունը հայտարարել է, որ գործարքը ցույց է տալիս «լուծում գտնելու շարունակական կամք և հանձնառություն»:
Եպիսկոպոս Ռոլանդո Ալվարեսը չի ընդգրկվել ազատ արձակված քահանաների ցուցակում։ Նա մեղադրվել է դավադրության մեջ և փետրվարին դատապարտվել 26 տարվա ազատազրկման անմիջապես այն բանից հետո, երբ Օրտեգայի կառավարությունը 222 բանտարկյալների ուղարկեց Միացյալ Նահանգներ՝ ամերիկյան կառավարության միջնորդությամբ:
Ալվարեսը հրաժարվել է թռիչքից։ Նիկարագուայի կառավարությունը հետագայում զրկեց այս բանտարկյալներին քաղաքացիությունից:
Վերջին տարիներին Օրտեգայի կառավարությունն ակտիվորեն հետապնդում է կաթոլիկ եկեղեցին։ Օրտեգան պնդում է, որ եկեղեցին օգնել է 2018 թվականի ապրիլին իր վարչակազմի դեմ ժողովրդական բողոքի ցույցերին, որոնք նա դիտել է որպես հեղաշրջման փորձ:




























