Թաիլանդում հնէաբանների միջազգային խմբի կողմից հայտնաբերվել է ալիգատորի նոր հնագույն տեսակ, որը կոչվում է Alligator munensis: Ինչպես ասվում է Scientific Reports-ում հրապարակված հոդվածում, բրածոն նշանակալից հայտնագործություն է հնէաբանների համար, որը նոր տարրեր է ավելացնում անցյալի էկոհամակարգերի փազլին:
Այս հնագույն ալիգատորի մնացորդները հայտնաբերվել են դեռևս 2005 թվականին Թաիլանդի հյուսիսարևելքում գտնվող Նակխոնռատչասիմ նահանգի Նոն Սունգ շրջանում: Չնայած այն հանգամանքին, որ հայտնագործությունն արվել է գրեթե երկու տասնամյակ առաջ, միայն ժամանակակից հետազոտական մեթոդները թույլ տվեցին գիտնականներին որոշել դրա իրական ծագումը, հաղորդում է Planet Today-ը։
Գերմանիայից ժամանած փորձագետները Թաիլանդի գործընկերների հետ միասին անցկացրել են բրածոների մանրակրկիտ ուսումնասիրություն, ինչը հանգեցրել է այս հնագույն արարածի դասակարգմանը որպես ալիգատորի նոր տեսակի: Նոր հայտնաբերված տեսակը ստացել է Alligator munensis անվանումը՝ այն վայրից, որտեղ հայտնաբերվել են մնացորդները:
Գիտնականների գնահատմամբ, ժամանակակից ալիգատորների այս նախնին գոյություն է ունեցել մոտավորապես 230 հազար տարի առաջ՝ միջին պլեյստոցենի ժամանակաշրջանում։ Սա նշանակում է, որ Alligator munensis-ն ապրել է սառցե դարաշրջանում՝ նոր տվյալներ ավելացնելով մեր պատկերացումներին, թե ինչպես են կենդանիները հարմարվել այս դարաշրջանի կլիմայական դաժան պայմաններին:
Ստացված արդյունքները խոստանում են ավելի խորը պատկերացում կազմել ալիգատորների և նրանց միջավայրի էվոլյուցիայի և պատմության մասին այն ժամանակաշրջանում, երբ Երկրի կլիման զգալի փոփոխություններ է կրել:




























