Գիտնականները Թայվանի ափին հայտնաբերել են ութակնանի սարդերի նախկինում անհայտ տեսակ։

Հետազոտողները բռնել են այս առափնյա սարդերից հինգին և ավելի ուշադիր նայելուց հետո հասկացել, որ  նոր տեսակ են գտել՝ Idioctis parilarilao: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Arachnology ամսագրում:

Idioctis parilarilao սարդը հասնում է մոտ 0,5 դյույմ երկարության, ասվում է հետազոտության մեջ: Ունի ութ աչք, ճանկեր և շագանակագույն մազոտ մարմին։ Չնայած երկարատև որոնումներին, հետազոտողները հայտնաբերել են այս տեսակի միայն էգ սարդեր և չգիտեն, թե ինչ տեսք ունեն արուները:

Idioctis parilarilao սարդը ապրում է «խողովակաձև բներում, որոնք կառուցված են խոշոր մարջանային ժայռերի կամ քարաժայռերի վրա», ասվում է հետազոտության մեջ: Այս բները գտնվում են մակընթացային գոտում, ինչը նշանակում է, որ մակընթացության ժամանակ դրանք գտնվում են ջրի տակ, բայց տեղատվության  ժամանակ բաց են մնում:

Ջրի տակ  օդը պահպանելու համար սարդերի բները «կապված են բնական ձևավորված խցիկների կամ ճեղքերի հետ», - ասում են հետազոտողները: Բույնը փակվում է անջրանցիկ լյուկով՝ պատրաստված «մարջանի ավազից, աղբից և մոտակայքում գտնվող ջրիմուռներից», որը միաձուլվում է ափին։

Հետազոտողները նոր տեսակը կոչել են  այն տարածքի անվանումով, որտեղ այն առաջին անգամ հայտնաբերվել է: Սարդի հազվագյուտ տեսակը պաշտպանելու համար հետազոտողները մանրամասներ չեն հայտնել նրա գտնվելու  ճշգրիտ վայրի մասին: