Սուդանում գիտնականները հայտնաբերել են Հիսուս Քրիստոսի հիշատակմամբ դաջվածք 1300-ամյա վաղեմության մարմնի վրա, որը գտնվել է միջնադարյան վանքի հարևանությամբ գտնվող գերեզմանատանը, հայտնում է Live Science-ը։
Դաջվածքը, որը գտնվել է, ըստ ամենայնի, տղամարդու աջ ոտքի վրա, պարունակում է այն, ինչ գիտնականներն անվանում են «Chi-Rho» խորհրդանիշը հունարեն ալֆա և օմեգա տառերի հետ միասին:
Chi-Rho խորհրդանիշը միավորում է հունարեն «chi» և «rho» տառերը՝ կազմելով Քրիստոսի հապավումը: Այս հապավումը առաջ է եկել մ․թ․ մոտ 324 թվականին, երբ Կոնստանտինը դարձավ Հռոմեական կայսրության կայսր։ Ալֆա և օմեգա տառերը հունական այբուբենի առաջին և վերջին տառերն են և ներկայացնում են քրիստոնեական համոզմունքը, որ Աստված ամեն ինչի սկիզբն ու վերջն է:
Գիտնականների կարծիքով, թեև դաջվածքը ցույց է տալիս, որ անձը քրիստոնյա է եղել, պարզ չէ՝ արդյոք նա վանական է եղել։ Նրանք նշել են, որ տղամարդը թաղված է եղել ոչ թե վանքի վանականների հետ նույն գերեզմանոցում, այլ գերեզմանոցում, որը կարող էր օգտագործվել մոտակա համայնքների մարդկանց կողմից:
Ռադիոածխածնային վերլուծությունը ցույց է տալիս, որ այս մարդն ապրել է մոտավորապես 667-774 տարիների ընթացքում: Այդ ժամանակաշրջանում քրիստոնեությունը գլխավոր կրոնն էր։ Մահվան պահին տղամարդը հավանաբար 35-ից 50 տարեկան է եղել։
Դիակը հայտնաբերվել է 2016 թվականին իրականացված պեղումների ժամանակ, սակայն դաջվածքը հայտնաբերվել է միայն այժմ՝ լրացուցիչ հետպեղումային փորձարկումների և ամբողջական սպեկտրի լուսանկարման շնորհիվ։




























