Հորդանանի թագուհի Ռանիան մեղադրել է արեւմտյան ղեկավարներին «աղաղակող երկակի չափորոշիչների» մեջ՝ կապված Գազայի հատվածի իսրայելական ռմբակոծումների հետ։

«Մարդիկ ցնցված են աղետին ցուցաբերվող արձագանքից։ Մենք դարձել ենք աղաղակող երկակի չափորոշիչների վկաները»,- ասել է Ռանիան CNN-ի հարցազրույցում։

«Աշխարհն անգամ կրակը դադարեցնելու կոչ չի անում»,- ասել է նա։ «Որովհետեւ լռությունը խլացոցուիչ է, եւ մեր տարածաշրջանում շատերի համար արեւմտյան աշխարհը դրա պատճառով դառնում է հանցակից... Ես նկատի ունեմ այն, որ այստեղ նկատվում է երկակի չափորոշիչ»,- ասել է նա։ «Դա պարզապես ցնցում է արաբական աշխարհը»։

«Մենք տեսել ենք պաղեստինցի մայրերի, որոնք իրենց երեխաների անունները գրում են նրանց ձեռքերին, որովհետեւ նրանց կարող են պարզապես գնդակահարել»,- ասել է Ռանիան։

Իսրայելի մերձավոր բարեկամ Վաշինգտոնը նախկինի պես աջակցում է Գազայի դեմ պատասխան միջոցներին Նեթանյահուի կառավարության կողմից։ «Մենք այժմ հրադադարի մասին չենք խոսում»,- CNN-ին երկուշաբթի ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի համակարգող Ջոն Քիրբին։

ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը, ընդունելով հումանիտար աղետը Գազայի հատվածում, հայտարարել է, որ պետք է դիտարկել «հումանիտար դադարների» հարցը, բայց հրաժարվել է «հրադադար» արահայտությունից։

Անցած շաբաթ ԱՄՆ-ն վետո էր դրել հումանիտար դադարի առաջարկի վրա՝ քննադատելով բանաձեւն այն պատճառով, որ դրանում չի հիշատակվում Իսրայելի «ինքնապաշտպանության» իրավունքը։ Մեծ Բրիտանիան նույնպես հրաժարվել է հավանություն տալ բանաձեւին։