Միացյալ Նահանգները չի ձգտում հակամարտության Իրանի հետ, հավաստիացրել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ավելացնելով, որ Վաշինգտոնը կգործի արագ եւ վճռական, եթե «Իրանը կամ նրա պրոքսիները հարձակվեն որեւէ տեղ ամերիկյան անձնակազմի վրա»։

«Միացյալ Նահանգները չի ձգտում հակամարտության Իրանի հետ։ Մենք չենք ցանկանում, որպեսզի այս պատերազմն ընդլայնվի։ Բայց եթե Իրանը կամ նրա պրոքսիները հարձակվեն ԱՄՆ անձնակազմի վրամ որեւէ տեղ, մենք կպաշտպանենք մեր մարդկանց, մեր անվտանգությունը արագ եւ վճռական»,- ասել է նա։

Ամերիկացի զինվորականները նոր քայլեր են ձեռնարկում իրենց զորքերի պաշտպանության համար Մերձավոր Արեւելքում, Reuters-ին տեղեկացրել են պաշտոնատար անձինք։ ԱՄՆ-ն տարածաշրջան է ուղարկել ռազմանավեր եւ կործանիչներ, ներառյալ ավիակիրներ։

«Մենք կոչ ենք անում բոլոր անդամ պետություններին միասնական ազդանշան ուղարկել ցանկացած սուբյեկտի, որը եւս մեկ ճակատի բացման հնարավորություն է դիտարկում Իսրայելի դեմ կամ որը կարող է թիրախավորել Իսրայելի գործընկերներին, ներառյալ Միացյալ Նահանգները. մի՛ արեք դա։ Յուղ մի ավելացրեք կրակին»,- ասել է Բլինքենը։