Կատարի արտաքին գործերի նախարար, շեյխ Մուհամեդ բեն Աբդուլռահման Ալ Թանին քննադատել է Արեւմուտքի երկակի չափորոշիչները։
«Այս տարածաշրջանի բոլոր բնակիչների շրջանում զայրույթը խորանում է՝ կասկածի տակ դնելով միջազգային հանրության արձագանքը պաղեստինցի ժողովրդի դեմ կատարվող հանցագործություններին։ Այս պատերազմում զոհված երեխաների թիվը գերազանցել է Ուկրաինայի եւ Ռուսաստանի պատերազմում զոհված երեխաների թիվը, բայց նման արձագանք մենք չենք տեսնում»։
Ալ Թանին դատապարտել է «հավաքական պատժի քաղաքականությունը», որը վարում է Իսրայելը Գազայի հատվածի հանդեպ։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն իր հերթին Դոհայում, Կատարի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում նշել է, որ Իսրայելի ցամաքային գործողությունը Գազայի հատվածում մարտական գործողությունները կվերածի կոտորածի։ Նրա խոսքով՝ նրանք, ովքեր պաշտպանում են Իսրայելի գործողությունները համերաշխության պատրվակի տակ, «նրա հանցակիցն են»։
Իսրայելի ազգային անվտանգության խորհրդական Ցաչի Հանեգբին ողջունել է Կատարի միջամտությունը հումանիտար հարցերին՝ ասելով. «Ուրախ եմ տեղեկացնել, որ Կատարը դառնում է կարեւոր եւ շահագրգռված կողմ հումանիտար լուծումների աջակցման հարցում»։





























