Նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների շրջանը Բելառուսի համար հեշտ չի լինելու, քանի որ Արեւմուտքը պատրաստվում է դրան։ Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։
«Որքան էլ որ փորձեն մեզ այստեղ շեղել խորհրդարանական ընտրությունների նախօրեին՝ փետրվարին, մենք արդեն տեսնում ենք այն, ինչ նրանք ցանկանում են։ Հետո էլ մեկ տարի հետո նախագահական ընտրություններն են։ Ահա այսպիսի դժվար ժամանակ է լինելու մեզ համար, եւ նրանք դրան պատրաստվում են՝ արեւմտամետները։ Մենք դա տեսնում ենք եւ պատրաստ ենք ցանկացած սցենարի»,- ասել է նա։
Բելառուսում 2024թ. փետրվարի 25-ին պետք է տեղի ունենա երկրի պատմության մեջ առաջին միասնական քվեարկությունը խորհրդարանական եւ տեղական ընտրություններում։ Նախագահի ընտրությունները կկայանան 2025թ. հուլիսից ոչ ուշ։





























