Իսպանական կաթոլիկ եկեղեցում անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների զոհերի թիվը գերազանցում է 2 հազարը, այս մասին հայտնում է EL PAÍS թերթը՝ վկայակոչելով սեփական հետաքննությունը, որը սկսվել է 2018 թվականին։
Թերթը մանկապղծության մեջ ավելի քան հազար կասկածյալների մասին տվյալներ է հավաքել։
Սպասվում է, որ օրվա ընթացքում Մարդու իրավունքների հանձնակատար Անգել Գաբիլոնդոն եկեղեցում սեռական ոտնձգությունների վերաբերյալ բողոքների մասին իր զեկույցը կներկայացնի Պատգամավորների Կոնգրեսի նախագահ Ֆրանսին Արմենգոլին: Այս հետաքննությունը սկսվել է 1,5 տարի առաջ՝ խորհրդարանի պահանջով։
Ավելի վաղ, հաղորդվել էր նաեւ, որ հոգեւորականների կողմից մանկապղծության դեպքերը կքննի Իսպանիայի գլխավոր դատախազությունը։ Այս տեղեկությունը հայտնվեց սկանդալի ամենաթեժ պահին, որը սկսվեց այն բանից հետո, երբ EL PAÍS-ը հրապարակեց իր հավաքած տեղեկատվությունը։ Հրատարակության համաձայն՝ կաթոլիկ եկեղեցին որոշել է լայնածավալ հետաքննություն անցկացնել՝ կապված Իսպանիայում անչափահասների նկատմամբ հոգեւորականների և կրոնական հաստատությունների որոշ աշխարհականների կողմից հնարավոր անպատշաճ պահվածքի և ոտնձգությունների հետ:
Ստացված տեղեկատվությունը Հռոմի պապին փոխանցվել է 2021 թվականի դեկտեմբերի 2-ին, երբ նա Հունաստան կատարած այցի ընթացքում հանդիպել է լրագրողների հետ։ Պոնտիֆիկոսի օգնականը վերցրել է փաստաթղթերը, որոնք այնուհետև հանձնվել են Հավատի վարդապետության միաբանությանը, որը համակարգում է մանկապղծության դեպքերի հետաքննությունն ամբողջ կաթոլիկ աշխարհում:





























