Մադրիդի կենտրոնում տղամարդը մեքենան մխրճել է հեծանվորդների խմբի մեջ, ովքեր ի պաշտպանություն Պաղեստինի երթ էին կազմակերպել, հինգ մարդ վիրավորվել է, հայտնում է իսպանական Pais թերթը՝ հղում անելով քաղաքի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցչին։
Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի ուշ երեկոյան։
«Հինգշաբթի օրը մի տղամարդ մեքենայով մխրճվել է մի խումբ հեծանվորդների մեջ, ովքեր մասնակցում էին Պաղեստինի աջակցության երթին... վարորդը թեթև վիրավորել է հինգ ցուցարարների, որոնցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց», - մեջբերում է թերթը շտապօգնության ծառայության ներկայացուցչին։
Հաղորդվում է, որ դեպքից հետո տղամարդն անմիջապես փախել է դեպքի վայրից: Սակայն մեկ ժամ անց նա ինքն է եկել ոստիկանություն և խոստովանել իր արածը և հայտարարություն է գրել ցուցարարների դեմ՝ պնդելով, որ նրանք նախկինում հարձակվել են իր վրա, իսկ ինքը փորձել է արագ հեռանալ տարածքից։
Ոստիկանությունը հաստատել է, որ տղամարդը նախկինում դատվածություն չի ունեցել և դեպքի պահին հարբած չի եղել: Ինչպես նշվում է, վարորդը կալանավորված չի եղել, սակայն նրա նկատմամբ հետաքննություն է իրականացվում «Վտանգավոր մեքենա վարելու» հոդվածով, որի համար նախատեսված է վեց ամսից երկու տարի ազատազրկում և մեկից վեց տարի ժամկետով վարորդական իրավունքից զրկում, գրում է Pais-ը։





























