Սերբական Հորգոշ գյուղի մոտ փոխհրաձգություն է տեղի ունեցել ներգաղթյալների միջև։ Երեք մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել։ Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները, հայտնում է Euronews-ը։

Հունգարիայի սահմանին մոտ սերբական Հորգոշ գյուղի մոտ ներգաղթյալների միջև փոխհրաձգության հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ։ Միջադեպը տեղի է ունեցել նախկին գյուղատնտեսական ձեռնարկության լքված շենքերում, որտեղ անօրինական ներգաղթյալները ճամբար էին ստեղծել։

Եվս մեկ ներգաղթյալ վիրավորվել է։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։ Սահմանամերձ գոտուց լսվող շարունակական կրակոցների մասին սոցիալական ցանցերում հայտնել են տեղի տագնապած բնակիչները։

Դեպքի վայր են ուղարկվել ոստիկանության ջոկատներ։ Միջադեպի հանգամանքները պարզելու համար հետաքննություն է սկսվել։

Հրաձգության հավանական պատճառը ներգաղթյալների միջև վեճն է, թե ով է վճարելու մաքսանենգներին Հունգարիայի սահմանն անօրինական հատելու համար։