Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հոկտեմբերի 29-ը հայտարարել է համազգային սգո օր Կարագանդայի զոհված հանքափորների առիթով։ Այս մասին տեղեկացրել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հանդիպել է զոհված հանքափորների ընտանիքների եւ հարազատների հետ եւ ցավակցություն հայտնել նրանց։ Նախագահն ընդգծել է, որ վթարի հետեւանքները կպարզվեն, կցուցաբերվի անհրաժեշտ օգնություն հանքափորներին փրկելու, ինչպես նաեւ տուժածների ու զոհվածների ընտանիքներին օգնելու համար։ Նա նշել է, որ հոկտեմբերի 29-ը կհայտարարվի համազգային սգո օր»,- նշվել է հաղորդագրությունում։
Վթարի պահին Կոստենկոյի անվան հանքում 252 մարդ կար։ Դուրս է բերվել 208 մարդ, նրանցից 18-ը դիմել է բուժօգնություն ստանալու համար։ Կարագանդայի մարզի արտակարգ իրավիճակների վարչության տվյալներով՝ ներկայում հայտնաբերվել է 22 զոհի մարմին, մնացածների որոնումները շարունակվում են։





























