Toyota-ն շարունակում է Hilux պիկապ բեռնատարի ամբողջովին էլեկտրական տարբերակի փորձարկումը: Փորձարկումների հերթական շարքի շրջանակներում բեռնատարների փոքր խմբաքանակ կհանվի Թաիլանդի փողոցներ, որտեղ դրանք կաշխատեն որպես երթուղային տաքսիներ։ Այս մասին գրում է Reuters-ը՝ Toyota Daihatsu Engineering & Manufacturing-ի գործադիր փոխնախագահ Պրաս Գանեշին հղումով։
Հաջորդ տարվա սկզբից մարտկոցներով աշխատող Toyota Hiluxes-ները կշրջեն Պատտայա առողջարանային քաղաքի փողոցներով: Դրանց կվերափոխեն, այսպես կոչված, սոնգտեոների՝ թափքում ուղևորների համար նստատեղեր ավելացնելով. սա տրանսպորտի տարածված տեսակ է Հարավարևելյան Ասիայի շատ երկրներում, գրում է«Авто.ru»-ն։
Անցյալ տարի Թաիլանդում ավտոմեքենաների վաճառքի գրեթե կեսը բաժին է հասել պիկապ բեռնատարներին: Toyota-ին բաժին է ընկնում երկրի ընդհանուր շուկայի մոտ մեկ երրորդը, սակայն վերջերս էլեկտրական մեքենաների ասպարեզում լուրջ մրցակցություն է առաջացել չինական արտադրողների կողմից, ներառյալ BYD-ը և Great Wall Motor-ը:
Toyota Hilux Revo BEV կոչվող նախատիպի առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել մեկ տարի առաջ Թաիլանդում։ Անցյալ ամիս այն ցուցադրվել է նաև Ավստրալիայի պոտենցիալ գնորդներին: Այդուհանդերձ մինչև հիմա ոչ մի բնութագիր, ինչպես նաև վաճառքի մեկնարկի ժամկետ չի բացահայտվել։





























