ՌԴ Մոսկվայի ԱԽ գլխավոր քննչական վարչությունը հաստատել է հայտնի պլաստիկ վիրաբույժ Վլադիմիր Տապիա Ֆերնանդեսի ձերբակալման փաստը:  Քրեական գործը հարուցվել է «սեռական բնույթի բռնի գործողություններ երկու անչափահասների հանդեպ» հոդվածով: Այլ մանրամասներ չեն հայտնվում` հետաքննության գաղտնիությունն ապահովելու նկատառումով:

Այնուամենայնիվ, Մոսկվայի իրավապաշտպան մարմինների աղբյուրը հայտնել է  «ԲալտԻնֆո»-ին, որ հանցագործությունը բացահայտվել է բժիշկ-հոգեբանների շնորհիվ:

 «Անցած շաբաթ դստեր ընկճվածությունից անհանգստացած մայրը նրան տարել է հոգեբանի մոտ: Զրույցի ընթացքում վերջինս կասկածել է, որ աղջկա նկատմամբ սեռական բռնություն է կատարվել, ինչն էլ ընկճվածության պատճառ է դարձել: Հոգեբանը այս մասին հայտնել է աղջկա մորը եւ պնդել, որ ոստիկանություն դիմեն»,- ասել է աղբյուրը:

Հետագայում էլ պարզվել է, որ բռնության զոհ է դարձել ոչ միայն վիրաբույժի 13-ամյա աղջիկը, այլեւ նրա 5-ամյա եղբայրը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հոկտեմբերի 19-ին վիրաբույժի 34-ամյա կինը դիմել է ոստիկանություն` հայտնելով, որ ամուսինը 2009թ.-ից սկսած բազմիցս սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել սեփական երեխաների հանդեպ: Հոկտեմբերի 21-ին սեփական բնակարանում ձերբակալել են 57-ամյա Ֆերնանդեսին:

Հոկտեմբերի 23-ին դատարանը որոշում է կայացրել հետաքննության ընթացքում նրան կալանքի տակ պահելու մասին: