Թուրքիան ուսումնասիրում է Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ) դիմելու հնարավորությունը՝ նպատակ ունենալով Իսրայելին ռազմական հանցագործ հայտարարելու դատավարություն նախաձեռնել՝ այն հանցագործությունների համար, որոնք վերջինը կատարել է Գազայի հատածում։ Աշխատանքը կատարվում է Հաագայի դատարանի կառույցների միջոցով, տեղեկացրել է Yeni Şafak թերթը։
Պարբերականի տվյալներով՝ ՄՔԴ դիմելու հարցը քննարկվել է կառավարող Արդարություն եւ զարգացում կուսակցության գործադիր կոմիտեի նոյեմբերի 7-ի նիստում՝ նախագահ Թայիփ Էրդողանի նախագահությամբ։ Քննարկվել են Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ հակամարտության կարգավորմանն ուղղված Թուրքիայի նախաձեռնությունները, որոնք նախատեսվում է քննարկել նոյեմբերի 12-ին, Ջիդայում (Սաուդյան Արաբիա), Իսլամական համագործակցություն կազմակերպության (ԻՀԿ) գագաթաժողովում։
Ինչպես գրել է Yeni Şafak-ը, Էրդողանը նիստում նշել է, որ եթե ԻՀԿ գագաթաժողովում «ձեռք չբերվի սպասված արդյունքը, պետք է ավելի մասշտաբային հանդիպում կազմակերպել եւ սկսել նոր դիվանագիտական գրոհ Գազայում կարգավորման համար»։ Թե Անկարայի ինչ նախաձեռնությունների մասին է խոսքը՝ թերթը չի նշել։
Էրդողանը, հոկտեմբերի 28-ին ելույթ ունենալով Ստամբուլի հանրահավաքում, որը նվիրված էր Պաղեստինի աջակցությանը, հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է Իսրայելին ռազմական հանցագործ հայտարարել։




























