Վերջերս մեծացել է Իսրայելի և Լիբանանի միջև լայնամասշտաբ պատերազմի վտանգը։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ իսրայելցի պաշտոնյաներին հղումով։

Ըստ նրանց՝ հարավային Լիբանանից հրեական պետության վրա հարձակումներն ազդանշան են այն մասին, որ լիբանանյան շիական «Հեզբոլլահ» կուսակցության զինված թեւը պատրաստ է ուժեղացնել Իսրայելի տարածքի գնդակոծությունը։ Ինչպես նշել են պաշտոնյաները, իրենց երկիրը կշարունակի արձագանքել նման հարձակումներին։

Ավելի վաղ, «Հեզբոլլահի» զինյալները 18 հրթիռ են արձակել սահմանամերձ շրջաններում իսրայելական բանակի դիրքերի ու մեքենայացված պարեկային խմբերի ուղղությամբ։ Հրեական պետության պաշտպանության նախարար Յոավ Գալանտի խոսքով, Իսրայելի իշխանությունները կարծում են, որ «Հեզբոլլահ»-ը մոտ է Լիբանանը պատերազմի մեջ ներքաշելուն, և այս դեպքում Իսրայելը պատրաստ է Բեյրութում անել նույնը, ինչ այժմ անում է Գազայի հատվածում։