Հորդանանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի գրոհը Գազայի հատվածում Ալ-Շիֆա հիվանդանոցի դեմ։
«Նախարարությունը դատապարտում է Ալ-Շիֆա հիվանդանոցի վրա գրոհը օկուպացված Գազայում՝ որպես միջազգային հումանիտար իրավունքի, հատկապես պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին 1949թ. Ժնեւի կոնվենցիայի խախտում։ Իսրայելը պատասխանատվություն է կրում քաղաքացիական անձանց եւ հիվանդանոցում աշխատող բուժանձնակազմի անվտանգության համար»,- նշվել է Հորդանանի ԱԳՆ հայտարարությունում։
«Անիմաստ հարձակումների շարունակումը Գազայի հատվածում, հարձակումները քաղաքացիական օբյեկտների վրա, քաղաքացիական օբյեկտների շարունակվող ավերածությունները, ինչպես նաեւ հավաքական պատժի քաղաքականությունը միջազգային հումանիտար իրավունքի լուրջ խախտումներ են եւ ռազմական հանցագործություններ են հանդիսանում»,- ասել է նախարարության ներկայացուցիչ, դեսպան Սուֆյան Ալ-Քուդան։





























