Իսրայելի պաշտպանության նախարարությունն ու արդարադատության նախարարությունը ժամանակավոր հրամանի նախագիծ են պատրաստել՝ Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) պահեստազորում գտնվելու ժամկետը մեկ տարով ավելացնելու մասին։ Այս մասին հաղորդում է Kan ռադիոն՝ նշելով, որ մինչև փաստաթուղթի ուժի մեջ մտնելը, այն պետք է հաստատի Քնեսեթը (խորհրդարանը):

Ռադիոկայանի տվյալներով՝ այս քայլն ուղղված է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմի ժամանակ Իսրայելի պաշտպանության բանակի ստորաբաժանումների օպերատիվ կոմպետենտության և մարտունակության պահպանմանը։

Kan-ը, հղում անելով փաստաթղթին, պնդում է, որ հրամանի հաստատման դեպքում սովորական անձնակազմի համար Իսրայելի բանակի ռեզերվում գտնվելու ժամկետը 40-ի փոխարեն ժամանակավորապես կերկարացվի մինչև 41 տարի, սպաների համար այդ տարիքը 45-ից կդառնա 46 տարեկան, իսկ ռազմական մասնագետների համար՝ 49-ից մինչև 50 տարեկան։