Եվրոպական երկրների արտաքին գործերի նախարարները Բրյուսելում երկուշաբթի օրվա հանդիպման ժամանակ պատրաստվում են Իսրայելից պահանջել Գազայի հատվածում հումանիտար դադարի հաստատման պարտավորություն ստանձնել, ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

Նրա խոսքով՝ 27 անդամ պետությունները կփորձեն հասնել «դադարների շարքի»։ Լիակատար հրադադարի կոչն անհնար է  կոնսենսուսի բացակայության պատճառով, նշել է նա։

«Հեռանկարները Գազայի հատվածում իսկապես մռայլ են»,- ասել է Բորելը։ «Մենք G7-ի եւ այլ հանդիպումներում ասել ենք, որ Իսրայելը չպետք է օգտագործի նույն մարտավարությունը հարավում, ինչ կիրառում է Գազայի հյուսիսում, բայց նա նույնն է անում, անգամ ավելի վատ ձեւով։ Այսպիսով, անմեղ քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թիվը շարունակում է աճել»,- ասել  է նա։