Բարձր տնտեսական աճը, որի մասին փրփուրը բերաններին խոսում են Հայաստանի ներկայիս իշխանությունները, հնարավոր չէր լինի առանց ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանը։
«Եթե Փաշինյանը դեմ էր ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, ապա ինչու է հիմա այդքան հպարտանում դրանով»,- հռետորական հարց է ուղղել նա։
Մամիջանյանն անընդունելի է համարել հայտարարություններն այն մասին, որ 2013թ. սեպտեմբերի 3-ին Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության որոշումը կայացվել է մեկ օրում։
«Մենք բոլոր գործընկերների հետ կապի մեջ ենք եղել և հայտարարել ենք, որ գնում ենք «և-և»-ի, այլ ոչ թե «կամ-կամ»-ի ճանապարհով։ Արտասահմանցի ոչ մի պաշտոնյա չի ասել, որ այդ որոշումը կայացվել է մեկ գիշերվա ընթացքում։ Այդ մասին խոսում են միայն ներկա իշխանությունները», - ընդգծել է պատգամավորը։
Նա նաև տեղեկացրել է, որ նոյեմբերի դրությամբ Հայաստանում 50-ից ավելի քաղբանտարկյալ կա, սա աննախադեպ ցուցանիշ է։





























