Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ կհանդիպի միայն այն բանից հետո, երբ կվերականգնվեն Անդրկարպատյան շրջանի հունգար փոքրամասնության իրավունքները եւ հարաբերությունները երկու երկրների միջեւ կմտնեն նոր փուլ։ Այս մասին հայտնել է Հունգարիայի ԱԳՆ երկկողմ հարաբերությունների հարցերի գծով պետքարտուղար Տամաշ Մենցերը՝ ելույթ ունենալով М1 հեռուստաալիքի ծրագրում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ այդ հանդիպման օրը առայժմ որոշված չէ։ «Եթե հանդիպման օրը նշանակված լիներ, նշանակում է, որ Անդրկարպատյան շրջանի հունգարական համայնքին վերադարձվել են իրավունքները եւ մենք կարողացել ենք կատարել մեր աշխատանքը»,- նշել է Մենցերը։

Ուժգորոդում Ուկրաինայի եւ Հունգարիայի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ որոշում է կայացվել ստեղծել երկկողմ հանձնաժողով, որը կդիտարկի Հունգարիայի 11 կետից բաղկացած պահանջները եւ կպատրաստի զեկույց ԱԳՆ ղեկավարների համար։