Ֆինլանդիայի իշխանություններն իրենց տարածքում ԱՄՆ միջուկային զինանոցի տեղակայման անհրաժեշտություն չեն տեսնում։ Այս մասին հայտնել է Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն Rzeczpospolita լեհական թերթի հարցազրույցում։
«Դրա [Ֆինլանդիայում ԱՄՆ միջուկային զենքի տեղակայման] անհրաժեշտություն չկա, քանի որ ՆԱՏՕ-ն ինքն է ապահովում միջուկային զսպումը»,- նշել է վարչապետը։ Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ անվտանգության ապահովման համար բավական է այն միջուկային զենքը, որն արդեն տեղակայված է դաշինքի մի քանի երկրներում։ Այնուամենայնիվ, տեղեկացրել է կառավարության ղեկավարը, Ֆինլանդիան «մանրակրկիտ պատրաստվում է մասնակցել [դաշինքի պոտենցիալ սպառնալիքների] զսպմանը սովորական սպառազինությունների օգնությամբ»։
ԱՄՆ-ն իր միջուկային զինանոցը տեղակայում է ՆԱՏՕ երկրներում՝ Nuclear Sharing ծրագրի շրջանակում։ Մինչ այդ ծրագրին միանալու ցանկություն էին հայտնել Լեհաստանի իշխանությունները։ Ֆինլանդիան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ է դարձել 2023թ. ապրիլի 4-ին։





























