Հայ-թուրքական հարաբերությունները այսօր Հայաստանի օրակարգային թեման են։ Սակայն այս վճռական պահին, երբ քննարկվում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանգիտական հարաբերությունների հաստատման հարցը, չի լսվում գրողների խոսքը, միասնական դիրքորշումը ազգային հարցի շուրջ։ NEWS.am-ի թղթակիցը զրուցել է Գրողների միության քարտուղար, գրող Հովհաննես Գրիգորյանի հետ։
Պարոն Գրիգորյան, Հայաստանի համար վճռորոշ պահին ինչո՞ւ չի լսվում Գրողների միության միասնական դիրքրոշումը։
Ես բազմիցս ելույթ եմ ունեցել, ուրիշների անունից չեմ կարող ասել։ Սա այն դեպքն է, որ ոչ մի մարդ, գրող, նույնիսկ գրողների միության նախագահը, քարտուղարը իրավունք չունի բոլոր գրողների անունից հանդես գալու, քանի որ ամեն գրող անհատականություն է եւ կարող է ունենալ իր սեփական կարծիքը։
Ես նկատի ունեմ հանրությանը ուղղորդող միասնական կարծիք։
Միասնական կարծիք որեւէ հարցում գրողների միությունը երբեւէ չի ունեցել։ Օրինակ, Ղարաբաղի հարցում բոլորս միասնական ենք, ոչ մի կաթիլ հող չհանձնել, ինչ ուզում է լինի, էստեղ մենք միասնական ենք։ Ցեղասպանության հարցում՝ ոչ մի զիջում, էլի միասնական ենք, մնացած հարցում, օրինակ սահմանի բացման հարցում այն ձեռնտո՞ւ է, թե չէ՞, էստեղ տարբեր կարծիքներ են, որովհետեւ մենք ունենք դաշնակցական գրողներ, ռամկավար, կոմունիստ գրողներ։ Կուսակցականացված է, ինչպես ցանկացած որեւէ բջիջ։
Իսկ Դուք ի՞նչ կարծիքի եք սահմանի բացման վերաբերյալ։
Ես կողմ եմ սահմանի բացմանը, պայմանով, որ մենք զգույշ լինենք, քանի որ գործ ունենք աշխարհի ամենադիվանագետ պետության հետ։ Մենք միջերկրական ծով անմիջական ուղի կունենանք եւ կդադարենք լինել Վրաստանի ստրուկը։
Որպես մտավորական՝ ինչպե՞ս եք վերաբերվում ժողովրդի մտահոգություններին՝ հատկապես թուրքերի նկատմամբ շարունակվող պատմական անվստահությանը։
Էդ անվստահությունը պիտի շարունակի մնալ, զգույշ պետք է լինել, բայց որ մեր հարեւանները մեզ տրված են պատմությամբ ու մենք նրանց փոխել չենք կարող եւ պարտավոր ենք քաղաքակիրթ լինել բոլոր հարեւանների հետ, դա պարտադիր պայման է՝ բոլոր առումներով։ Թուրքերը Հայաստան հիմա էլ կարող են գալ, հիմա էլ են գալիս, սահմանը բաց է վաղուց։ Դուք կարող եք հենց հիմա գնալ Թուրքիա, խնդիրն այն է, որ մենք կազատվենք Վրասատանով անցնելուց, որ մեզ սարսափելի շորթում են, այսինքն այլեւս կրկնակի մուծումներ չենք անի, վրացիները այդ հարցում դարձել են մոնոպոլ, եւ մեզ վրա ճնշումներ են գործադրում բոլոր առումներով՝ սկսած եկեղեցիներից։ Ոչ մի ձայն չենք կարող հանել, որովհետեւ սահմանը կփակեն, հազար ու մի հարց կա։
Մենք ընդամենը ճանապարհներ ենք բացում, ինչպիսին կա Իսրայելի ու Գերմանիայի միջեւ, բայց նրանք այսօր քաղաքակիրթ հարաբերությունների մեջ են, առեւտուր են անում, Իսրայելը նույնիսկ տանկեր է վաճառում Գերմանիային, այսինքն՝ քաղաքակիրթ հարաբերություններ են եւ ոչ բարեկամական, եղբայրական, ինչպես նախկինում էինք ասում։ Եղբայրական մի ընտանիքի մեջ չեն լինում, ուր մնաց ժողովուրդների։
Ձեր կարծիքով թուրքական խորհրդարանը կվավերացնի՞ արձանագրությունները։
Ես չեմ կարող ասել իրենց փոխարեն, բայց նրանց շատ ձեռնտու է սահման բացելը, ավելին քան թե մեզ, որովհետեւ իրենք Եվրոպա մտնելու խնդիր ունեն, հազար ու մի տեսակ բաների կարիք ունեն։ Նրանք իմիջի եւ այլնի խնդիր ունեն։ Այնպես չստացվի, որ միայն մեզ է ձեռնտու, եւ հետո՝ իրենք են փակել, իրենք էլ թող բացեն։ Մենք երբեւէ սահման չենք փակել, ինչպես եղել ենք, այդպես էլ մնացել ենք։
Ինչպե՞ս եք վերաբերվում Դաշնակցության բարձրացրած մտահոգություններին, որ արձանագրություններում առկա են նախապայմաններ։
Ես խորապես հարգում եմ Դաշնակցությանը, ու նրանց բարձրաձայնած վտանգները, թաքնված սպառնալիքները այդ ամենի մեջ գուցե եւ կան։ Գուցե տեսել են, գուցե եւ կան, ես խորապես հարգում եմ, բայց որպես Հայաստանի քաղաքացի, ես խորապես շահագրգռված եմ, որ մենք ունենանք եւս մեկ այլընտրանքային ճանապարհ, որպեսզի մենք կարողանանք լիաթոք շնչել, հիմա մենք ունենք էդպիսի մի հնարավորություն։ Էդ հարաբերությունների շնորհիվ մենք շատ ու շատ հարցեր կարող ենք լուծել։
Պարոն Գրիգորյան, թեեւ երկրի համար կարեւորագույն խնդիրներ են այսօր քննարկում, երբեմն էլ այդ թեմայով միտինգներ են լինում, բայց հասարակությունը կարծես չի հետաքրքվում, ինչո՞վ է պայմանավորված այդ անտարբերությունը։
Չէի ասի, որ հասարակությունը անտարբեր է, էսօր որ տունը մտնեք, նույնիսկ հասարակական տներում, երթուղային տաքսիներում այդ հարցն է քննարկվում, իմ կարծիքով՝ անտաբեր չեն։ Թող լինեն կազմակերպություններ, որոնք կողմ են, լինեն այնպիսիներ, որոնք դեմ են, բայց ես կոնկրետ իմ տեսակետից կարող եմ պատասխան տալ, որ զգույշ լինեն, որովհետեւ գործ ունենք սարսափելի դիվանագետ երկրի հետ, որ տարիներ շարունակ մեզ խաբել է։
Սահմանի բացումը հայ եւ թուրք մտավորականների հարաբերության վրա ինչպե՞ս կանդրադառնա։
Մենք հիմա էլ ենք շփվում նրանց հետ։ Թուրքիայում կա մի քանի Թուրքիա, կա եվրոպականացված Թուրքիա, որոնց հետ ես սիրով հարաբերությունների մեջ կմտնեի, հրաշալի պոետներ ու գրողներ ունեն։ Բայց կա նաեւ մի նացիոնալիստական, այլանդակ Թուրքիա, որոնց հետ էլ պայքարի մեջ կմտնեի։
Գայանե Գրիգորյան
Հովհաննես Գրիգորյան.Գրողների միությունը երբեւէ միասնական կարծիք չի ունեցել
Պատմություն
Տեղադրություն




























