Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն (ՏՄՊՊՀ), իրեն վերապահված իրավասությունների իրականացման նպատակով, հարկային մարմնից կարող է պահանջել գաղտնի տեղեկություններ` առանց իրավաբանական եւ ֆիզիկական անձանց վերաբերող կոնկրետ տվյալներ նշելու:
Այս որոշումը կառավարության կողմից ընդունվել է այսօր` նոյեմբերի 10-ին:
Գործող կարգի համաձայն` հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունները ՏՄՊՊՀ-ն կարող է ստանալ միայն այն դեպքերում, երբ դիմումի մեջ նշում է իրավաբանական անձի անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը եւ այլ ռեկվիզիտներ: Որեւէ տվյալի չներառումը հանդիսանում է հիմք` տվյալ դիմումի մերժման համար:
Սակայն ՏՄՊՊՀ-ի կողմից կառավարություն ներկայացրած բացատրագրում նշվում է, որ այդ դրույթի կիրառման դեպքում որոշակի խոչընդոտներ են ծագում Հանձնաժողովի լիազորությունների իրականացման համար, քանի որ Հանձնաժողովն իրականացնում է ապրանքային շուկաների համալիր ուսումնասիրություններ, եւ միշտ չէ, որ տիրապետում է ապրանքային շուկաներում գործող իրավաբանական եւ ֆիզիկական անձանց վերաբերյալ կոնկրետ տեղեկությունների, որի հիմքով էլ հարկային ծառայության մարմինը մերժում է Հանձնաժողովին տեղեկատվություն տրամադրումը:
Այսօրվա որոշմամբ կառավարությունը տեղեկություններ ստանալու հարցում զգալիորեն մեծացրեց ՏՄՊՊՀ-ի լիազորությունները:




























