Հայաստանի ազգային արխիվի 100-ամյակին նվիրված «Արխիվներ՝ մարդկության հիշողություն» խորագրով միջազգային գիտաժողովի շրջանակներում Ազգային արխիվի հրավերով Հայաստան էին ժամանել Արխիվների միջազգային խորհրդի գործադիր տնօրեն Կառլոս Սերանո Վասկեսը և Հնդկաստանի Ազգային արխիվի փոխտնօրեն Սանջայ Գարգը։

Հայաստանի ազգային արխիվից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Արթուր Ստեփանյանը պաշտոնական հանդիպումներ է ունեցել Կառլոս Սերանո Վասկեսի և Սանջայ Գարգի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ազգային արխիվի՝ Արխիվների միջազգային խորհրդին վերաանդամագրվելու և համագործակցությունը շարունակելու հարցերը։ Կարևորվել է Հայաստանի ազգային արխիվում իրականացվող թվայնացման գործընթացը։

Հանդիպման ավարտին Կարլոս Սերանո Վասկեսը փոխտնօրեն Արտակ Սիմոնյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Ազգային արխիվում, ծանոթացել արխիվապահոցներին ու նորաբաց ցուցասրահին։

Հնդկաստանի ազգային արխիվի փոխտնօրեն Սանջայ Գարգի հետ համաձայնություն է ձեռք բերվել՝ աշխատանքներ տանել համագործակցության հուշագիր կնքելու և կազմակերպելու համատեղ ցուցադրություններ, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող արխիվային փաստաթղթերի փոխանակում, փաստաթղթերի պատկերագրքի կամ ժողովածուի հրատարակում, թվայանացման ոլորտում փորձի փոխանակում, ինչպես նաև կադրերի վերապատրաստում։