Մեզ չեն թողնում գյուղ մտնենք, էս մարդիկ էլ հանցակից են դառնում էդ գործընթացին: Մի հատ ադրբեջանցի մտնի ստեղ մարդ մորթի, վերցնելու են փառք ու պատվով տանեն Ադրբեջան հանձնեն: Էս ա սրանց առաքելությունը: Քանի հանցագործի են տարել Ադրբեջան հետ տվել՝ փաստերով կարամ ասեմ:  Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, Կիրանց գյուղի մուտքի մոտ ասաց պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Մեկը ստեղ մի ավել բան խոսի, քրեական գործ հարուցեն, տանեն ազատազրկեն, քանի՞ մարդու են մեր գյուղերից շինծու մեղադրանքներով տարել փակել»,-հավելեց պատգամավորը:

Գառնիկ Դանիելյանն անդրադարձավ նաև  երեկ՝ մայիսի 2-ին, Կիրանցում տեղի ունեցած դեպքերին և համացանցում հրապարակված տեսագրությանը, թե ինչպես են ոստիկանները՝ գյուղացիներին ուժով բերման ենթարկելուց հետո ուրախությամբ ողջագուրվում միմյանց: «Կարմիրբերետավորներն էլ մի նենց ուրախացել են, գյուղի անչափահաս երեխեքին են ծեծել, տարել են բաժին: Փաթաթվել են, գրկում, համբյուրում են, իբր երկիր են ազատագրել: Անչափահասներին խոշտանգել են, գործից հետո էլ ուրախ զվարթ գրկախառնվում են իրար ու մեկը մյուսին աչքալուսանք տալիս: Վաղը մյուս օրը ո՞նց են իրանց երեխեքի աչքերին նայելու, պատմություն ա դառնալու էս ամեն ինչը: Ասելու են՝ դուք հայրենիքը հանձնելուն մասնակից էիք դառնում: Կիրանց գյուղը երկու մասի են բաժանում, սաղս ողբի մեջ ենք, իրանք մի նենց ուրախանում են , մի նենց իրանց լավ են զգում, ոնցոր ամեն ինչ տեղն ա՝ Արցախը կա, Տավուշին էլ վտանգ չի սպառնում: Ուրախացե՛ք, թուրքը գալիս ա»,-ասաց Գառնիկ Դանիելյանը՝ դիմելով ոստիկաններին և սևբերետավորներին:

Գառնիկ Դանիելյանի խոսքով, ժողովուրդը պետք է պաշտպանի իր իրավունքները և բոլորը պետք է կանգնեն հայրենիքի ու հոգևորականության կողքին:

«Ժողովուրդը չպետք է կանգնի թշնամու կողքին, երկիրը հանձնողի ու մատաղ անողի կողքին, ամեն օր ստողի ու մեր երեխեքին մորթողի կողքին»,-հավելեց պատգամավորը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանները շարունակում են փակ պահել Կիրանց գյուղի մուտքը և թույլ չեն տալիս Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին, պատգամավոր Գառնիկ Դանիելյանին և քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին մտնել գյուղ:

Հիշեցնենք,  որ մայիսի 2–ին՝ վաղ առավոտյան ժամը 6-ի սահմաններում ոստիկանության մեծ ուժեր էին ժամանել Կիրանց գյուղ, որտեղից բիրտ ուժ կիրառելով բերման էին ենթարկել ճանապարհը փակած տղամարդկանց, այդ թվում անչափահասների: Դրանից հետո ոստիկանությունը միայն Կիրանցի գրանցում ունեցողներին է թույլ տալիս մուտք գործել գյուղ։