NEWS.am-ը ներկայացնում է Վիկտոր Դեւիս Հենսոնի հոդվածը` հրապարակված կալիֆոռնիական «The Orange County Register» պարբերականում:

Պատահաբար միացած մնացած խոսափողի շնորհիվ վերջերս հանրության սեփականությունը դարձավ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մտերմիկ զրույցը: Նրանք անկեղծորեն արտահայտվում էին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանիահուի մասին: «Ես նրան տանել չեմ կարողանում: Նա սուտասան է»,- ասել էր Սարկոզին: Օբամայի պատասխանը գրեթե համարժեք էր. «Ես ստիպված եմ նրա հետ գործ ունենալ ամեն օր»:

«The New York Times»-ում հրապարակված ամենատարօրինակ հրապարակախոսական հոդվածներից մեկում Փոլ Քեյնն ԱՄՆ-ին խորհուրդ է տալիս վաճառել ժողովրդավարական Թայվանի աջակցությունը 1 տրիլիոն դոլարով: Նրա կարծիքով, չինացիները շնորհակալ կլինեն Թայվանին չաջակցելու համար եւ կներեն պարտքի մեծ մասը:

Ի՞նչ պատճառով է ԱՄՆ-ն ռիսկի գնում եւ ապահովում Իսրայելի եւ Թայվանի նման երկրների անվտանգությունը: Հակառակ կողմում արաբական Մերձավոր Արեւելքն է, որն ունի նավթ, մի քանի հարյուր միլիոն մարդ եւ շատ ծայրահեղ իսլամական ահաբեկիչներ եւ աշխարհի ամենաարագ աճող տնտեսություն Չինաստանը` մեկ միլիարդից ավելի մարդկային ռեսուրսներով:

Սակայն նախագահ Օբաման պետք է հիշի, որ Ամերիկան չի առաջնորդվում միայն ազգային առավելությունների տեսանկյունից: ԱՄՆ-ն փոքր եւ խոցելի երկրներին պաշտպանելու ձգտում ունի: ԱՄՆ-ն Սադամ Հուսեյնի իշխանության տարիներին Իրաքի քրդերին փրկեց ցեղասպանությունից:

Սնանկացած Հունաստանն ընդամենը 11 միլիոն բնակչությամբ հայտնվել է հզորացող Թուրքիայի ճնշամ տակ եւ արեւելյան Միջերկրականում ԱՄՆ-ից բացի քիչ բարեկամներ ունի: Նույնը վերաբերում է Հայաստանին, որը նույնպես համեմատաբար փոքր է եւ մոտ է գտնվում պատմական թշնամիներ Թուրքիային եւ Ռուսաստանին:

Բոլոր այդ ժողովուրդները` իսրայելցիները, հակակոմունիստ չինացիները, քրդերը, հույները եւ հայերն ունեն մի քանի ընդհանուր գծեր: Նրանք ունեն փոքրաթիվ, հաճախ նվազող բնակչություն, ագրեսիվ հարեւաններ, քիչ դաշնակիցներ, բազմաթիվ ներգաղթյալներ ու փախստականներ ԱՄՆ-ում, ցեղասպանությունների ու հետապնդումների ողբերգական անցյալ: Հրեաների կեսը ոչնչացվեց Հոլոքոստում: Եթե Մաո Ցզեդունը հասներ իր նպատակին, ապա Թայվան հեռացող բոլոր հակակոմունիստները կոչնչացվեին: 1920-ականների սկզբում մոտ մեկ միլիոն հույներ սպանվեցին Թուրքիայում տեղի ունեցած էթնիկ զտումների հետեւանքով: Դրանից առաջ Թուրքիան ավելի քան 350 տարի օկուպացրել էր Հունաստանը: Մեկ միլիոն հայեր ոչնչացվեցին Օսմանյան կայսրության մայրամուտում, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Պետություն չունեցող քրդերը մշտապես ենթարկվել են թուրքերի, արաբների եւ իրանցիների ճնշումներին:   

Մենք պետք է հիշենք, որ Հունաստանն ու Թայվանը 1940-ականների վերջում առանց ամերիկյան ռազմական աջակցության կվերանային որպես ազատ ու անկախ երկրներ: Հայաստանն անկախ չէր, մինչեւ Ամերիկան չարագացրեց Խորհրդային Միության փլուզումը: Քրդստանը ինքնավար միավոր դարձավ միայն ԱՄՆ-ի կողմից Սադամ Հուսեյնին տապալելուց հետո: Իսրայելն առանց ամերիկյան ռազմական օգնության կարող էր վերանալ 1973-ի Ահեղ դատաստանի օրվա պատերազմում:

Իհարկե, պատմականորեն հետապնդվող այդ ժողովուրդները երբեմն կարող են հակաամերիկյան հայտարարություններ անել: Բազմադարյա հալածանքներն արտացոլող ազգային բնավորությանը կարող է բնորոշ լինել կոլեկտիվ պարանոյան եւ դավադրությունների տեսությունները: Սակայն Իսրայելը, Թայվանը, Քրդստանը, Հունաստանը եւ Հայաստանը հարուստ պատմությունով ժողովրդավարական երկրներ են, որոնք պահպանվել են ի հեճուկ բոլոր դժբախտությունների:

Առաջիկա տարիներին կրտսեր ընկերները կենթարկվեն նոր փորձությունների: Իրանը խոստանում է ոչնչացնել Իսրայելը: Մենք դուրս ենք բերում զորքերը Իրաքից, եւ Քրդստանը կմնա միայնակ: Ռուսաստանը հաճախ է խոսում նոր կայսրական դաշնության մեջ նախկին խորհրդային հանրապետությունները միավորելու մասին: Չինաստանը համարում է, որ Թայվանի միացումը ժամանակի խնդիր է: Նոր Թուրքիան սկսում է նմանվել հին կայսրական Օսմանյան սուլթանության:

Սակայն, եթե այդ փոքր երկրների պաշտպանությունը ռիսկային է, ապա մեր անհանգստությունը դրական է արտացոլում ԱՄՆ-ի հատուկ արժեքները: ՄԱԿ-ը չունի այդ երկրների անվտանգությունն ապահովելու ցանկություն եւ հնարավորություն: Փլուզվող Եվրամիությունը վեհորեն խոսում է միջազգային արժեքների մասին, բայց հազվադեպ է արյունով եւ հարստությամբ ռիսկի դիմում դրանք պաշտպանելու համար:

Միայն Ամերիկան է բավարար բարոյական եւ ուժեղ պատմականորեն խոցելի, բայց մշակույթի տեսանկյունից բացառիկ ժողովուրդներին պաշտպանելու համար: Ամոթալի կլիներ, եթե մենք շահի կամ հոգսերից խուսափելու պատճառով մոռանայինք նրանց: