Այս տարի նոյեմբերի յուրաքանչյուր շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 3000-3500 սուր շնչառական հիվանդությունների դեպքեր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը` հավելելով, որ այս ամիս հիվանդացությունների նվազում կա, որը պայմանավորված է դպրոցների փակմամբ: Նրա խոսքով`հանրապետությունում ուսումնական հաստատություններում ու աշխատավայրերում բացակայությունների 1-2 տոկոսն է պայմանավորված սուր շնչառական հիվանդություններով, ինչն օրինաչափ է: Մեկ ուրախալի լուր եւս. այս եւ նախորդ տարի հանրապետությունում չեն արձանագրվել մահացության դեպքեր, ըստ որում` ոչ միայն  գրիպից, սուր շնչառական հիվանդություններից, այլեւ թոքաբորբից:

Ե՞րբ եւ ինչպե՞ս է «այցելում» գրիպը

Գրիպի սեզոնը մեր հանրապետությունում սկսվում է հոկտեմբերի 1-ից եւ տեւում է մինչեւ մայիսի 10-ը, դա արդեն մի քանի տարվա օրինաչափություն է` հիմնված վերլուծության վրա: Եվրոպական տարածաշրջանի գրեթե բոլոր երկրներում եւս գրիպի սեզոնն սկսվում է հոկտեմբերին: Գլխավոր մասնագետի խոսքով` այս տարի մեզանում ավելի տարածված են գրիպի A, B եւ A-ի 2-3 ենթատեսակ: «Մեր հանրապետությունում չկա գրիպի համաճարակ, եւ այն հիվանդացությունը, որ մենք այսօր ունենք, սեզոնային է եւ օրինաչափ է մեր հանրապետության համար: Ունենում ենք ոչ թե գրիպով հիվանդներ, այլ սուր շնչառական վարակներ»,- ասաց Լիանա Թորոսյանը` հավելելով, որ գրիպը ախտորոշվում է լաբորատոր հետազոտության արդյունքում:

Նրա խոսքով, համեմատելով նախորդ տարվա տվյալների հետ` այժմ չկա հիվանդացության աճ, բայց «ինչքան եղանակները ցրտում են, այնքան հիվանդացության աճ կարող է նկատվել»: Իսկ գրիպը պայմանավորված է մի շարք հանգամանքներով` եղանակների ցրտելը, փակ տարածքներում բնակչության շփումը, երբ սենյակները չեն օդափոխվում, պատուհանները չեն բացվում: «Մեկ հիվանդի առկայությունը արդեն իսկ կարող է գրիպի պատճառ լինել, քանի որ հիվանդությունը տարածվում է օդակաթիլային ճանապարհով»,- նշեց Լիանա Թորոսյանը: Նրա խոսքով` ամեն տարի  գրիպի եւ սուր շնչառական հիվանդությունների վերաբերյալ հրաման է լինում, ըստ որի` նախարարության յուրաքանչյուր ստորաբաժանում, կազմակերպություն աշխատում է` հնարավորինս նվազեցնելու հիվանդացությունը: Ըստ այդ հրամանի` իրականացվում է նաեւ ամենամյա մոնիտորինգ, որը չի դադարեցվում նույնիսկ «ոչ գրիպային սեզոններին»:

Գրիպի առաջին ախտանիշները, ի՞նչ անել մինչ գրիպը եւ հետո

Գրիպի առաջին ախտանիշներն են գլխացավ, մկանացավ, ջերմություն, հազ, թուլություն, հարբուխ, հեղձուկ, քթի խցանում, երբեմն` նաեւ արյունահոսություն քթից, արցունքահոսություն: Լիանա Թորոսյանի խոսքով` գրիպից պաշտպանվելու համար նախեւառաջ  չպետք է շփվել կամ գոնե 1-2 մետր հեռավորությամբ գտնվել գրիպով մարդկանց հետ: Երկրորդ կարեւոր պայմանը`անձնական հիգիենայի կանոնների խիստ պահպանումն է, օրինակ` ձեռքերի լվացումը օճառով: Երրորդը` եղանակին համահունչ հագնվելն է: «Պետք է հետեւել առողջ ապրելակերպին, օգտագործել հեղուկներ,վիտամիններով հարուստ սննդակարգ: Կարեւոր է նաեւ հազալու եւ փռշտալու էթիկետի կանոնների պահպանումը»,- նշեց Լիանա Թորոսյանը: Իսկ գրիպ ընկնելուց հետո նախեւառաջ, գլխավոր մասնագետի խոսքով, պետք է մնալ տանը, չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմել բժշկին` մասնագիտական խորհուրդ եւ բուժում ստանալու համար: Ըստ որում` գրիպի մի տեսակով հիվանդանալիս դետեւս ոչ մի երաշխիք չկա, որ մյուս տեսակով չես հիվանդանա:

Հ.Գ. «Անգրիպ» օրեր ենք մաղթում մեր ընթերցողներին:

 

Պատրաստեց Ինգա Մարտինյանը