Սանկտ Պետերբուրգի Պուշկինսկի թաղամասում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման մասին նկատողությունը հանգեցրել է ավտոմեքենայի այրման։ Այս մասին հայտնում է Սանկտ Պետերբուրգի եւ Լենինգրադի մարզի ՆԳՆ Telegram ալիքը։

«Ինչպես ոստիկաններին հայտնել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի տերը՝ հարևան հանրապետություններից մեկի 40-ամյա քաղաքացին, իր մեքենան անսարքություն է ունեցել, և «վթարային»-ով կանգնեցրել է մեքենան։ Երկու անձ «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով անցել են ու նկատողություն արել՝ վթարային նշան չցուցադրելու համար։ Opel-ում գտնվող երկու անձանց դուր չի եկել պատասխանը, նրանք ծեծի են ենթարկել Toyota-ի վարորդին, որից հետո հանել են բենզինի տարա, լցրել ճապոնական մեքենայի վրա և այրել այն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի ուշ, ոստիկանությունը բերման է ենթարկել հանցագործներին։ Պարզվել է, որ նրանք տեղի բնակիչներ են՝ ձեռնարկատեր և պահեստի կառավարիչ։ Հարուցվել է քրեական գործ՝ «Ուրիշի գույքը ոչնչացնելու կամ վնասելու» համար։