Շվեյցարիայի գեղարվեստի առաջատար  թանգարաններից մեկը հայտարարել է, որ հինգ կտավ կհեռացնի իր ցուցահանդեսներից մեկից այն ընթացքում, մինչ կհետաքննվի, թե, արդյո՞ք, դրանք գողացել են նացիստները, հայտնում է BBC-ն։

Ցյուրիխի Կունստհաուս թանգարանի հավաքածուի մաս կազմող այս աշխատանքները աշխարհի ամենահայտնի նկարիչների վրձնին են պատկանում  այդ թվում՝ Կլոդ Մոնեին և Վինսենթ վան Գոգին:

Երկար ժամանակ կասկածներ կային Էմիլ Բյուրլեի հավաքածուի աշխատանքների ծագման վերաբերյալ, որն անվանվել է ի պատիվ գերմանական ծագումով զինավաճառի, որը հարստություն է դիզել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ զենք արտադրելով և այն նացիստներին վաճառելով:

Նկարները առգրավելու որոշումը կայացվել է նոր ուղեցույցների հրապարակումից հետո, որոնք վերաբերում են բազմաթիվ մշակութային արժեքներին, որոնք դեռ չեն վերադարձվել այն ընտանիքներին, որոնցից դրանք գողացվել են:

Ներկայումս հետաքննվում են արվեստի հետևյալ գործերը՝ Կլոդ Մոնեի «Նկարչի այգին Ժիվերնիում», Գուստավ Կուրբեի «Քանդակագործ Լուի-Ժոզեֆի դիմանկարը», Անրի Թուլուզ-Լոտրեկի «Ժորժ-Անրի Մանուելը», Վինսենթ վան Գոգի «Հին աշտարակը» և Պոլ Գոգենի «Լեռնային ճանապարհը»։

Էմիլ Բյուրլեի հավաքածուի հիմնադրամի խորհուրդը հայտարարել է, որ «մտադիր է, լավագույն փորձին համապատասխան, նախկին սեփականատերերի իրավահաջորդների հետ այս աշխատանքների համար արդարացի լուծում գտնել»։