Հունիսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Սոս Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության գլխավոր տնօրեն Բենժամին Բլանշաղի գլխավորած պատվիրակությանը։
Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերի այցը հայոց հոգևոր կենտրոն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց կազմակերպությանը Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերվող աջակցության համար։
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ Սուրբ Էջմիածնի և կազմակերպության միջև ձևավորված գործակցությանը, որի արդյունքում արդիականացվում է Մայր Աթոռի տպարանը։
Իր հերթին պարոն Բենժամին Բլանշաղը Հայոց Հովվապետին տեղեկություններ փոխանցեց «Սոս Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության գործունեության մասին՝ ի մասնավորի անդրադառնալով Հայաստանի տարբեր մարզերում իրականացվող կրթական, գյուղատնտեսական, առողջապահական, ինչպես նաև քրիստոնեական և մշակութային հուշարձանների վերականգնմանն ուղղված ծրագրերին։





























