Հունիսի 16-ին Երևանի կենտրոնում կայացավ հայ կանանց հետքերով ճանաչողական զբոսանքը ԱՄՆ Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանի հետ:
«Հայուհիների համահայկական միությունից NEWS./am-ին հայտնում են, որ քաղաքային միջավայրի վերաբերյալ ամերիկահայ քաղաքական գործիչ, ԱՄՆ-ի Լոս Անջելեսի մեծությամբ 4-րդ քաղաքի՝ Գլենդելի առաջին ամերիկահայ կին քաղաքապետ Էլեն Ասատրյանի հետ ծանոթությունը ուղեկցվեց արձանների հետ կապված թեմատիկ ուշագրավ դրվագներով և տեսակետների փոխանակմամբ:
Այն մեկնարկեց Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող Այծեմնիկ Ուրարտուի «Կժով աղջիկը» աղբյուր-հուշարձանից և ուղեկցվեց Ռուզան Քյուրքչյանի «Վերածնունդ», Թերեզա Միրզոյանի «Սիրում է, չի սիրում» և այլ կանանց արձանների հետ ծանոթացումով։
Հանդիպման ընթացքում հակիրճ անդրադարձ կատարվեց քանդակագործ և ճարտարապետ հայ կանանց, նրանց հեղինակած, ինչպես նաև նրանց նվիրված քանդակներին ու արձաններին, նախագծած շենքերին և կառույցներին:
«Հայուհիների համահայկական միություն» ՀԿ նախագահ Շողակաթ (Շողանե) Մելքոնյանը շնորհակալություն հայտնեց քաղաքապետ Էլեն Ասատրյանին Հայուհիների ակումբի հրավերն ընդունելու և ճանաչողական զբոսանքին միանալու համար և հավելեց, որ անչափ ուրախալի է իր և ակումբի ներկայացուցիչների համար նման արժեքավոր րոպեները կիսել ազդեցիկ անհատականության հետ, վարակվել նրա դրական էներգիայով և կարծիքներ քննարկել կանանց դերը լավագույնս արժևորող հայուհու հետ հենց հայրենիքում։
Հանդիպման ավարտին շնորհակալագիր հանձնվեց քաղաքապետ Էլեն Ասատրյանին` մայրաքաղաք Երևանի կենտրոնում հայ կանանց նվիրված ճանաչողական զբոսանքին միանալու, քաղաքային միջավայրում հայ կանանց հեղինակած և նրանց նվիրված ստեղծագործությունների հանդեպ ցուցաբերած հետաքրքրության համար։
Կանանց գործունեությունը արժևորելու նպատակով՝ «Հայուհիների ակումբ»-ի կողմից տարբեր հանրային և մշակութային նախագծեր են պարբերաբար իրականացվում, նպատակ ունենալով տարբեր ձևաչափով ներկայացնելու հայ կանանց։
Կանանց և նրանց արարումների ներկայացվածությունը քաղաքային միջավայրում կարևոր է և լրացուցիչ խթան կարող է հանդիսանալ քաղաքային տուրիզմի ոլորտում հեռանկար ստեղծելու համար։





























