Փաստահավաք առաքելությամբ, Հայաստան է ժամանել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) պատվիրակությունը` ԵԺԿ փոխնախագահ Եվրապառլամենտի պատգամավոր Քորիան Ուորթման-Կուլի գլխավորությամբ:

Նշենք, որ ԵԺԿ-ին անդամագրվելու հայտ են ներկայացրել հայաստանյան 4 քաղաքական ուժեր` ՀՀԿ, ԲՀԿ, «Ժառանգություն» եւ ՕԵԿ:

Այսօր` նոյեմբերի 23-ին, ԵԺԿ պատվիրակությանն ընդունել են «Օրինաց Երկիր» խմբակցության պատգամավորները:

Փաստահավաք առաքելությամբ Հայաստանում գտնվող ԵԺԿ պատվիրակությանը ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը եւ պատգամավորները մանրամասնորեն ներկայացրել են օրենսդիր մարմնում կուսակցության ծավալած գործունեության առանցքային ուղղությունները եւ պատասխանել են պատվիրակության անդամների հարցերին: Այնուհետեւ պատվիրակությանն ընդունել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:   

Իր խոսքում ԵԺԿ փոխնախագահ Քորիան Ուորթման-Կուլն ընդգծել է, որ ԵԺԿ-ն մեծապես կարեւորում է գաղափարակից կուսակցությունների հետ սերտ շփումները եւ գործընկերային կապերի հաստատումը, ինչի վկայությունը պատվիրակության մեծ թվով կազմն է: 

Արթուր Բաղդասարյանը նշել է, որ իր ղեկավարած կուսակցությունը սկզբնավորումից ի վեր ներկայացված է եղել բոլոր խորհրդարաններում եւ լինելով ավելի քան 200 մայր օրենքների հեղինակ` իրավամբ համարվում է ամենաակտիվ խորհրդարանական ուժերից մեկը:

Ոլորտները, որտեղ կուսակցությունն առ այսօր շարունակում է հանդես գալ ակտիվ օրենսդրական նախաձեռնություններով, բազմաթիվ են, այդ թվում` մարդու իրավունքների պաշտպանություն, օրենքի գերակայությունն ապահովող նոր մեխանիզմների մշակում, արդար մրցակցային պայմանների ապահովմամբ փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացում: